ՀՅԴ-ականը դատապարտում է Փոստանջյանի հասցեին հնչող վիրավորանքները
ՀՅԴ-ն հանդես չի գա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽ ԽՎ-ում հնչեցրած հարցը դատապարտող հայտարարությամբ, որովհետև «այն անձը չէ, սա այն դեպքը չէ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ինչ վերաբերում է Զ. Փոստանջյանին ուղղված գնահատականներին, վիրավորանքներին, ապա պատգամավորն ասաց. «Մենք բոլորս տիկին Փոստանջյանին ճանաչում ենք՝ ինքը, բնականաբար, հայ կին է, չորս երեխաների մայր է, յուրօրինակ, և նրա ոգևորությունների տարբեր օրերին մենք ականատես եղել ենք: Այլ հարց է, որ նման հարց մենք չէինք տա: Մենք կառույցի անդամ ենք, և խոսքը կեղտոտ լվացքի մասին չէ: Մեր խնդիրները պետք է այնտեղ բարձրացվեն, մենք սրան կողմնակից ենք, բայց այդ բնույթի հարցը, որն անապացուցելի է… շատ ավելի ծանր հարց կարելի էր տալ, հարցի տեսակին, բնույթին մենք մենք դեմ: Ես դատապարտում եմ այն գնահատականները, թե ինքը թուրք է, նա հայ կին է»: Իսկ հարցին՝ ինքն ի՞նչ հարց կտար Զ. Փոստանջյանի փոխարեն, Աղվան Վարդանյանը չպատասխանեց՝ պատճառաբանելով, թե ինքը ենթադրյալ հարցերին չի պատասխանում: Բայց նշեց, որ կարելի էր տասնյակ օրակարգային հարցեր հղել, որոնք կվերաբերեին տասնյակ-հազարավոր մարդկանց: 168.am-ի հարցին, թե Հովիկ Աբրահամյանի հետ խորհրդակցությանը, որից հետո նա հայտարարեց Փոստանջյանին ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության կազմից հանելու մասին, ՀՅԴ խմբակցության պատգամավորներից ովքե՞ր են մասնակցել, և արդյո՞ք միաձայն համաձայնել են ԱԺ նախագահի առաջարկությանը, նա պատասխանեց. «Խորհրդակցությանը պարոն Աբրահամյանի հրավերով մասնակցել են Հեղինե Բիշարյանը, Արամ Մանուկյանը, Գալուստ Սահակյանը, Էլինար Վարդանյանը, Ռուբեն Հակոբյանը, Աղվան Վարդանյանը: Կազմի փոփոխության լիազորությունն ԱԺ նախագահինն է: Այն, թե մենք ասել ենք, որ մենք համաձայն ենք, որ Զ. Փոստանջյանին հեռացնեն կազմից, նման բան չի եղել: Յուրաքանչյուրս ասել ենք մեր տեսակետը: Ես ասել եմ, որ այդ բնույթի հարցը մեզ համար ընդունելի չէ, մենք նման հարց չէինք տա, երկրորդ, եթե որևէ բան ենք որոշելու՝ կշռեք՝ ավելի դրակա՞ն կլինի, բացասակա՞ն կլինի, թե՛ ներսում, թե՛ դրսում, ձեր որոշելիքն է, ապա առաջարկել եմ ԱԺ նախագահին՝ նախաձեռնելուց առաջ ինքն առաջարկի, որ «Ժառանգություն» խմբակցությունը քննարկի հարցը, հետո իրենք իրենց անելիքն անեն: Մենք հասկանում ենք, որ նման բանի տակ չենք ուզում մասնակցել: ԱԺ նախագահը միանձնյա պետք է որոշի իր անելիքը»: