Երջանիկ Աբգարյանը` ՀՀՇ-ի վերականգման նախաձեռնողներին. «Ես նրանց հաջողություն կմաղթեի»
Հայոց համազգային շարժում կուսակցության հիմնադիր մի քանի անդամներ` Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանը և Կարապետ Ռուբինյանը, կուսակցության կազմալուծումից հետո (կուսակցութան 18-րդ համագումարում, փետրվարի 23-ին) ստեղծել են նախաձեռնություն` ՀՀՇ-ի վերականգնման համար: Արդեն հայտնի է, որ նոր ՀՀՇ-ի հիմնադիր համագումարը տեղի կունանա հոկտեմբերի 26-ին:
Այսօրվա ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին ՀՀՇ հիմնադիր անդամ Երջանիկ Աբգարյանից, թե ի՞նչ կարծիք ունի այս նախաձեռնության մասին և, ըստ նրա, արդյոք նախաձեռնողներին կհաջողվի՞ վերականգնել ՀՀՇ-ն:
«Դա գաղափարախոսական դրույթներից է կախված` կհաջողվի՞ կուսակցության վերականգնումը, թե՞ ոչ: Ճիշտն ասած` այնքան էլ բացասական չեմ վերաբերվում այդ երևույթին: Կարծում եմ` դա իրենց իրավունքն է: Թե որքանո՞վ դա իրենց կհաջողվի, ժամանակը ցույց կտա: Ես նրանց հաջողություն կմաղթեի: Բայց եթե ուզում են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը, առնվազն պետք է ձերբազատվեն ՀՀՇ-ի այն թերի կողմերից, որոնք գոյություն ունեին 2000-ական թվականներին»,- ասաց Երջանիկ Աբգարյանը:
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ Երջանիկ Աբգարյանը նույնպես միանա նոր ՀՀՇ-ին, նա այսպես պատասխանեց. «Չէ, ես վաղուց արդեն պետք է հեռացած լինեի քաղաքականությունից, և եթե չեմ հեռացել, պատճառը միայն այն է, որ տեսնում եմ` իմ հայրենիքը գնում է ոչ ճիշտ ուղիով: Ես որևէ կուսակցություն մտնելու հակում չունեմ»: