«Խայտառակ փորձեցին անել իմ երկիրը». Վահան Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում կատարվածի մասին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմից հեռացնելու մտադրության մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  հայտարարությանն անդրադառնալով՝ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասաց, թե ԱԺ կանոնակարգը հնարավորություն և իրավուքն է տալիս ԱԺ նախագահին ձևավորելու պատվիրակությունները:

Նա նշեց, որ Զ. Փոստանջյանի պարագայում Հ. Աբրահամյանը,  հավանաբար, նկատի ուներ, որ «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված թեկնածուն պետք է վերանայվի:

168.am-ը Վահան Հովհաննիսյանից հետաքրքվեց, թե համամիտ չէ՞ կարծիքներին, որ Զ. փոստանջյանի նկատմամբ իշխանության վերաբերմունքը խիստ է, որովհետև վերջինս ունի ազատ արտահայտվելու իրավունք:

Ի պատասխան Վահան Հովհաննիսյանն ասաց.«Նախ և առաջ, ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ազատությունը, ձեր ազատությունը՝ ձեռքերը թափահարելու, ավարտվում է իմ քթի մոտ: Երբ դուք վիրավորանք եք հասցնում, անհատական վիրավորանք եք հասցնում, սա այլևս խոսքի ազատություն չէ՝ բոլորովին այլ կերպ է բնութագրվում: Բանավեճի մեջ կարող է երբեմն նման սահմանները չհարգվեն, բայց հարցը սա չէ: Ես չեմ կարողանում հասկանալ, ինչպե՞ս ընդդիմադիր պայքարին, օրինակ իշխանափոխությանը միտված պայքարին, կարող է նպաստել քո սեփական երկրի նվաստացումը ուրիշ երկրներում: Ես շատ հաճախ եմ հանդիպում, հավանաբար, դուք էլ, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան, այս կամ այն երկրում մեղադրվում է տարբեր հոդվածներով, այդ թվում՝ քրեական, լինի դա նախագահ, քաղաքապետ թե այլ մեկը: Նման դեպքեր լինում են Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլն: Բայց ես երբեք չեմ տեսել Բրիտանիայում, Գերմանիայում… անգամ այն դեպքում, որ երբ ինֆորմացիան նույնիսկ կասկածելի է կամ ասեկոսեի բնույթ է կրում, ենթադրում է, ինչպես օրինակ այս դեպքում էր, նման հարց տան: Ես չեմ տեսել, որևէ իտալացի պատգամավոր, ասենք պարոն Բեռլուսկոնիին, որի վարքը ամբողջ աշխարհին է հայտնի, նման հարցով դիմի միջազգային ատյանում: Սա արդեն բոլոլորովին ուրիշ սահման անցնել է, որը ինձ համար ընդունելի չէ»:

Վահան Հովհաննիսյանը չցանկացավ ենթադրել, թե ինչու է Զարուհի Փոստանջյանը նման հարց ուղղել ՀՀ նախագահին, բայց ասաց.

«Մեր երկրին լուրջ հարված հասցվեց, խայտառակ փորձեցին անել իմ երկիրը, որը անկախ նրանից, թե ով է իշխանության ՝ իմ երկիրն է: Մարդիկ չեն կարողանում տարբերակել իշխանություն ու պետություն հասկացությունները: Իշխանությանը վնաս հասցնելու համար ոտնատակ են տալիս նաև պետականությունը»:

Տեսանյութեր

Լրահոս