Քանի հոգու վրա կազդի համաներումը՝ ըստ Հրայր Թովմասյանի

Այսօր Ազգային ժողովը միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկը:

103 կողմ, ոչ մի դեմ և ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը որոշում կայացրեց համաներում հայտարարել, որը, ինչպես հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, կտարածվի վաղվանից:

Լրագրողների հետ զրույցում, վերջինս նշեց, որ ազատ կարձակվեն մոտ 500-600 մարդ, սակայն համաներումը կտարածվի 1000-ից ավելի անձանց վրա: «Մենք համաներումը դիտարկում ենք հետևյալ կերպ՝ պատժից ազատում և պատժի չկրած մասի կրճատում»:

Նա հայտնեց նաև, որ համաներումը կիրականացվի մինչև դեկտեմբերի 25-ը:«Առաջին հերթին անդրադարձ կկատարվի այն անձանց, որոնք պետք է ազատ արձակվեն, նոր, երկրորդ փուլում այն մարդկանց կվերաբերվի, որոնց պատժաչափը պետք է կրճատվի»,- մասնավորեցրեց նա: Իսկ այն հարցին, թե արդյոք համաներումը նպատակ չի՞ հետապնդում բեռնաթափել կալանավայրերը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Իմ պաշտոնը ստանձնելու պահին մենք ունեցել ենք 5700 դատապարտյալ, այս պահին ունենք 4700: Մեր բոլոր տեղերը 4400 են, այսինքն` 300-ով է մեր գերծանրաբեռնվածությունը:

Արմավիր քկհ-ի շահագործումը հանձնելուց հետո մենք այս խնդիրը լուծելու ենք: Եթե մեր բնակչությունը երկու անգամ շատ է, մենք դատապարտյալների թվով այդքան մեծ չենք և այն մոտեցումը, որ համաներում է կատարվում, որպեսզի քչացնեն, բռնում են այս ոլորտի քաղաքականությունը, բնավ, թվերն այդպես ցույց չեն տալիս»:

Տեսանյութեր

Լրահոս