Հովիկ Աբրահամյանի հայտարարության գունային հատվածը կարող է տարընթերցումների տեղիք տալ
Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի սկադալային հարցից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է իր մտադրության մասին՝ վերանայել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը:
Նա հայտարարել նաև, որ նման որոշման է եկել խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո: Անդրադառնալով ԱԺ նախագահի հայտարարությանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
«Պարոն Աբրահամյանի հայտարարության գունային հատվածը, թե Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմում մնալու հարցը քննարկվել է խմբակցությունների հետ, կարող է տարընթերցումների տեղիք տալ, որովհետև նա առնվազն պետք ասեր, թե ով՝ ինչ տեսակետ է հայտնել՝ գոնե իմ տեսակետը՝ որպես խմբակցության ղեկավարի։ Նախ, ես ասել եմ, որ դեմ եմ որևէ հայտարարության, երկրորդ՝ թե ով պիտի ընդգրկվի ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում, Դոնթի բանաձևով, խմբակցություններն իրենք են որոշում, թե ում առաջադրել: Բայց մյուս կողմից էլ՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ ի վերջո, բոլոր պատվիրակությունների կազմը հաստատում է Հովիկ Աբրահամյանը, դա նրա լիազորությունների շրջանակում է»:
Ռ․Հակոբյանն նշեց, որ յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե իր պատգամավորական լիազորությունները որ ամբիոնում ինչպես իրացնի՝ ինչ հարց ուղղի։ Նա ասաց նաև, որ ամբողջական գնահատական տալու համար, ինքը սպասում է Զ․Փոստանջյանի վերադարձին, որովհետև իր համար անհասկանալի պահեր կան:
Ռ. Հակոբյանն ասաց նաև, որ ինքը նման հարց չէր ուղղի ԵԽ ԽՎ ամբիոնից, բայց ոչ թե այն պատճառով, որ «սպիտակեղենը դուրս չհանեմ, այլ այն պատճառով, որ Եվրոպան ցույց է տվել, որ մեր թերությունները, սխալներն օգատոգրծել է՝ մեր պետության վրա ճնշում գործադրելու համար»:
«Այո, մենք ունենք կեղտոտ սպիտակեղեն, բայց այդ սպիտակեղենը մենք պետք է լվացնենք, և դրա համար պիտի լինի հավաքական գիտակցություն»,- ասաց Ռ․Հակոբյանը։ Ի դեպ, նա նաև հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Զ․ Փոստանջյանի հետ այդ հարցի վերաբերյալ զրույց չի ունեցել։