
Հեռահար հրթիռային համակարգերի շուրջ համաձայնագիրը կարող է ստորագրվել 6 ամսում. Մուրադ Բայար

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Մուրադ Բայարը հայտարարել է, որ մեծ հեռահարություն ունեցող հրթիռային համակարգերի շուրջ անցկացված մրցույթի արդյունքներով պայմանագիրը կարող է ստորագրվել 6 ամսվա ընթացքում:
Բայարը հավելել է, որ մրցույթի արդյունքներով նախատեսվում է ստանալ 4 հրթիռային համակարգ, որոնք կարող են արձակել ընդհանուր առմամբ 288 հրթիռ: Նա ընդգծել է, որ չինական համակարգերը լինելու են մոբիլ և տեղակայվելու են 4 մեծ քաղաքներում:
Թուրքիան չինական կողմին վճարելու է կանխավճար, ինչից հետո չինական ընկերությունը թուրքական կողմին այդ համակարգերի հանձնումը կավարտի 6 ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական Taraf թերթը գրել էր, թե զենիթա-հրթիռային համալիրները տեղակայվելու են Ստամուլում, Անկարայում, ինչպես նաև երկրի արևելյան ու հարավային հատվածներում ընկած երկու խոշոր քաղաքում: