
Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն մտահոգություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝
ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անհանգստություն են հայտնել նախագահական ընտրությունների շեմին Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների, իրավապաշտպանների, ըննդիմադիրների, անկախ լրատվամիջոցների վրա գործադրվող ճնշման կապակցությամբ:
Եվրահանձնակատարների կողմից այսօր տարածված համատեղ հայտարարությունում մտահոգություն են հայտնված կասկածելի մեղադրանքներով և մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափորոշիչների խախտմամբ ակտիվիստների կալանավորման կապակցությամբ:
ԵՄ-ն Ադրբեջանի կառավարությունից ակնկալում է թափանցիկ ու արդար հետաքննություն տվյալ ոլորտներում՝ իրավական ընթացակարգերի շրջանակներում: Հատուկ ընդգծվում է բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը՝ արդար մթնոլորտում նախագահական ընտրությունների անցկացումն ապահովելու համար:
Հայտարարության վերջնամասում նշված է, որ ԵՄ-ը շարունակելու է հետևել Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակին և պատրաստ է օգնել այդ երկրին՝ տվյալ ոլորտում իր ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հարցում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին: