«Մարմարա» երկաթուղային թունելը Ստամբուլում շահագործման կհանձնվի հոկտեմբերի 29-ին. Բինալի Յըլդըրըմ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Բոսֆորի նեղուցի հատակով անցնող և Ստամբուլի եվրոպական ու ասիական հատվածները միմյանց կապող «Մարմարա» երկաթուղային թունելը շահագործման է հանձնվելու հոկտեմբերի 29-ին:
Յըլդըրըմի խոսքերով՝ ներկայումս թունելում կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Թունելի երկարությունը կազմում է 13.6 կիլոմետր: Թունելով գնացքները երթևեկելու են յուրաքանչյուր երկու րոպեն մեկ: Ենթադրվում է, որ օրական երկու ուղղությամբ գնացքները կտեղափոխեն 1.2 միլիոն մարդ:
Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ «Մարմարա» երկաթուղային թունելի նախագծի իրագործմամբ կկատարվի Թուրքիայի 150-ամյա երազանքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է 1923 թվականի հոկտեմբերի 29-ին: Այս տարվա հոկտեմբերի 29-ին Թուրքիայում նշելու են այդ իրադարձության 90-ամյակը: