Արենիում անցկացվող գինու հինգերորդ ավանդական փառատոնը մոտ 10 հազար մասնակից կունենա
Արենի գյուղում կազմակերպվող գինու 5–րդ ավանդական փառատոնին մոտ 10 հազար մարդ կմասնակցի, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն։
Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 4–6–ը։ Փառատոնն այս տարի ընդլայնել է իր սահմանները` ընդգրկելով Վայոց Ձորի մարզում գինեգործությամբ աչքի ընկնող Ռինդ, Արենի և Եղեգնաձոր համայնքները, որտեղ կկազմակերպվի տեղական գինու ավանդական համտես, ինչպես նաև խաղողաքաղ, բերքի տոն, մրցույթներ, ավանդական խաղեր և թատերական բեմադրություններ։ Շուրջ 12 արտադրող և մոտ 40 տնային տնտեսություն կներկայացնի սեփական արտադրության գինին։
Փառատոնի նպատակն է նպաստել միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Վայոց Ձորի մարզի, Արենի, Ռինդ, Եղեգնաձոր և շրջակա համայնքների` որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջավայրի (այդ թվում’ գինեգործության բնօրրանի և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկի) նկարագրի ձևավորմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը, հայկական ավանդույթների և մշակույթի պահպանությանն ու զարգացմանը, Հայաստանի համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը:
«Փառատոնը երկրի մարզերում զբոսաշրջության դիվերսիֆիկացման և սիմետրիկ զարգացման միջոցներից մեկն է, այն պետական և մասնավոր հատվածների համագործակցության վառ օրինակ է», – ասաց Ապրեսյանը։
Ինչպես նշեց Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, փառատոնի հիմնական նպատակը երկրում գինի ըմպելու կուլտուրայի բարձրացումն ու տեղական արտադրանքի արտահանման խթանումն է։
«Հայաստանում փառատոնի անցկացման տարիների ընթացքում ոլորտի զարգացման միտում է նկատվում, մասնավորապես, ի հայտ են եկել հինգ նոր ընկերություններ, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը, իսկ արտահանվող արտադրանքը որակական փոփոխություններ է կրում», – ասաց Միրզոյանը։
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ