
Իրանում իրականացվել է վերջին 6 տարվա 7-րդ հնչեղ սպանությունը

Բրիտանական Telegraph թերթի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի կիբեր զորքերի հրամանատարներից Մոժթաբա Ահմադիին սպանված վիճակում հայտնաբերել են Իրանի հյուսիում գտնվող Քարաջ քաղաքի մոտ գտնվող անտառում:
Նրա սրտի շրջանում հայտնաբերվել է հրազենային երկու վնասվածք: Ահմադիին վերջին անգամ տեսել են սեպտեմբերի 28-ին, երբ նա մեկնելիս է եղել ծառայության: Երեկ նրա դիակը հայտնաբերել է տեղաբնակներից մեկը:
Իրանական ոստիկանությունն Ահմադիի սպանության գործով հետախուզում է երկու կասկածյալի, որոնք դեպքի վայրից փախուստի են դիմել մեկ մոտոցիկլետով: Ահմադին հանդիսանում էր կիբեր սպառնալիքներից պաշտպանվելու ոլորտի փորձառու մասնագետ: Նշվում է, որ վերջին 6 տարում սա Իրանում իրականացված թվով 7-րդ հնչեղ սպանությունն է:
Ահմադիից առաջ Իրանում սպանվել է 5 հեղինակավոր գիտնական-ատոմագետ, ինչպես նաև իրանական բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի ղեկավարը: Իրանի իշխանություններն այդ սպանությունների իրականացման հարցում մեղադրում են իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին: