
Տիգրան Սարգսյան. Մենք «ՀայՌուսգազարդ»-ի հետ կնքած պայմանագիր չունենք

«Դեռևս ապրիլ ամսից արդեն երրորդ անգամ է ես բարձրացնում եմ «ՀայՌուսգազարդի» պայմանագրի մասին հարցը: Հարգելի պարոն վարչապետ, ես ինչո՞ւ եմ համառորեն ուզում ստանալ պայմանագրի տեքստը… այն բացառապես հուզում է ՀՀ բոլոր քաղաքացիներին: Մենք ստորագրել ենք փաստաթուղթ, որ եթե կա պետական գաղտնիք, կոմերցիոն գաղտնիք, որը պետք չէ հրապարակել, պատրաստ եմ այլևս չհարցնել, եթե Դուք ասեք, որ սա գաղտնիք է: Չի կարելի այսպես անել՝ վեց ամիս խնդրել-պահանջել մի փաստաթո՞ւղթ, բայց չստանալ… Ինչո՞ւ չեք տալիս փաստաթուղթը: Եթե պառլամենտի պատգամավորը պետությանը վերաբերող փաստաթղթի հետ կապված ինֆորմացիա չպետք է ունենա, էլ ո՞վ պետք է ունենա»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ի պատասխան Տիգրան Սարգսյանն հայտարարեց, թե «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ Հայաստանն ամենևին գազի թանկացման պայմանագիր չի կնքել: «Ցանկացած պայմանագիր, որ մենք ստորագրենք, հասանելի կլինի ձեզ համար: Պայմանագիրը դեռ ստորագրված չէ, մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ: Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն և այդ պահին, որոնք պայմանագրերը կստորագրվեն, կբերվեն ԱԺ, որովհետև ձեզ հետ միասին մանրակրկիտ պետք է քննարկենք բոլոր դրույթները»,- հայտարարեց վարչապետը: