
Ավելանում է այն պատգամավորների թիվը, ովքեր հայտարարում են, թե «դեմ» քվեարկողների շարքում են

Արդեն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության քվեարկության արդյունքներից ԱԺ ընդդիմությունը զարմացած է. խմբակցությունները հայտարարել են, որ «դեմ» են քվեարկելու, բայց արդյունքում Գևորգ Կոստանյանի թեկնածությանը «դեմ» է քվեարկել երեք պատգամավոր, իսկ «անվավեր» է ճանաչվել երկու քվեաթերթիկ, որոնցից մեկը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն է: Հետաքրքրական է, որ գնալով ԱԺ-ում ավելանում է այն պատգամավորների թիվը, ովքեր հայտարարում են, թե իրենք «դեմ» քվեարկողների շարքում են:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե «դեմ» է քվեարկել: Նա հիշեցրեց իր ելույթը ԱԺ-ում և նշեց. «Ես իմ ելույթում ինչ ասացի, բնականաբար, իմ քվեարկությունն էլ այդ արդյունքը պետք է ունենա»: «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի մասնակցել քվեարկությանը, քանի որ ժամը 1-ի սահմաններում դուրս է եկել ԱԺ շենքից: Իսկ Զարուհի Փոստանջյանն էլ այսօր խորհրդարան առհասարակ չի ներկայացել:
ՀԱԿ խմբակցությունն այսօր ամբողջ կազմով, բացառությամբ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, մասնակցել է քվեարկությանը:
168.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ ինքը «դեմ» է քվեարկել, ապա ընդգծեց. «Կարծում եմ, որ հանրությունը պետք է շատ լուրջ խոսակցություն ունենա այն ուժերի հետ, որոնք իրենց համարում են և հայտարարում են ընդդիմադիր: Շատ լուրջ խոսակցություն: Սա անարգանք է Հայաստանի հանրապետության հանրության նկատմամբ և հանրությունն ինքը պետք է սրանից եզրակացություն ու հետևություններ անի»:
Մենք հետարքրվեցինք նաև պատգամավոր Ալեքսանդ Արզումանյանից, թե ինչպես է նա քվեարկել: Նա նույնպես վստահեցրեց, որ դեմ է քվեարկել, ապա նշեց. «Մնացածն ինձ չի հետաքրքրում, ես խնդիր չունեմ, ես ոչ մեկի առջև հաշվետու չեմ, հաշվետվություն պահանջեք երկու ֆրակցիաներից, որոնք հայտարարեցին, թե դեմ են քվեարկելու: Կա ՀԱԿ-ի ֆրակցիայում վեց հոգի, եթե նույնիսկ նրանից երկուսը անվավեր են սարքել, երեքը կողմ են քվեարկել, այսինքն էլի մի հոգի… սուտը այնտեղ փնտրեք: Ես որևէ հայտարարություն չեմ արել, ես հայտարարում եմ, որ ես դեմ եմ քվեարկել, կհավատա՞ք, թե՞ չեք հավատա, ինձ ամենևին չի հետաքրքրում»:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, թե «դեմ» է քվեարկել։ Նա նույնիսկ զարմացավ. «Ես պարտաճանաչ պատգամավոր եմ և մեր խմբակցությունը որոշում է ընդունել: Ինչո՞ւ եք կասկածում»: Դիտարկմանը, թե քվեարկության արդյունքներն այլ բան են հուշում, Գ. Ջհանգիրյանը հայտարարեց, թե իրեն չի հետաքրքրում` արդյունքներն ինչ են «հուշում»:
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ նշեց, թե «դեմ» է քվեարկել և հավաստիացրեց, որ արձանագրված «դեմ» ձայները ՀԱԿ-ինն են եղել. «Ես իմ խղճի առաջ դեմ եմ քվեարկել ու ավելի քան վստահ եմ, որ դեմ ձայները ՀԱԿ-ինն են: «Անվավերները» ևս «դեմ» են եղել ըստ էության, բայց ստանդարտ գիծ քաշված չեն եղել: Թե ինչ կպնդեն մյուսները, ինձ հետաքրքրիր չէ: Մենք ունեցել ենք խմբակցության հստակ դիրքորոշումը և ըստ դիրքորոշման «դեմ» ենք քվեարկել»:
Իսկ երբ հարցրինք Հրանտ Բագրատյանին՝ վերջինս կո՞ղմ է քվարեկել, թե՞ դեմ, նա պատասխանեց. «Քեզ ի՞նչ… գաղտնի քվեարկություն է եղել»: