Բաժիններ՝

Հայաստանի և ՌԴ-ի միջև ստորագրվել է երկկողմ երկարաժամկետ համագործակցության ծրագիրը

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը: Նիստից հետո հրավիրված ասուլիսում հանձնաժողովի համանախագահները` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը կարևորել են ծրագրի իրականացումը և նշել, որ այժմ երկու պետությունների կառավարություններն աշխատելու են դրանում ներառված նախագծերն իրականություն դարձնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է և այժմ անցել է մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: «Երկկողմ համագործակցությունը լավ հիմքերի վրա է, այն ունի խորացման ու ընդլայնման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկարաժամկետ համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա իրականացումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին հարցին` վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ իր դիրքորոշումը չի փոխվել, այն համահունչ է Ռուսաստանի իշխանությունների տեսակետին:«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որը հնչեցվեց նախորդ տարվա օգոստոսին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, հետևյալն էր. հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, մենք պետք է աշխատենք, թե ինչպես Հայաստանը պետք է ինտեգրվի Մաքսային միությանը: Հանձնարարական տրվեց նախագահների կողմից, որպեսզի մենք մշակենք ինտեգրացիոն գործընթացի գործիքակազմը` հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, մասնավորապես, ընդհանուր սահմանների բացակայությունը: Մեր երկու նախագահների հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվեց աշխատանքային խումբ: Մենք ինտենսիվորեն աշխատեցինք նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` համագործակցության շուրջ: Արդյունքում, ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Խրիստենկոյի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այս ամենի արդյունքում ՄՄ-ում արդեն ստեղծվել են այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս կտրուկ նվազեցնել այն տրանսակցիոն ծախսերը, որոնք առկա են ընդհանուր սահմաններ չունենալու պատճառով: Այն գործիքները, որոնք այսօր օգտագործվում են, նպաստում են Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը»,- նշել է Տիգրան Սարգսյանն` ավելացնելով, որ դրա արդյունքում էլ կայացվել է երկու երկրների նախագահների որոշումը: Այժմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները պետք է աշխատեն այդ որոշման իրականացման ուղղությամբ:
Ասուլիսում տեղեկացվել է նաև, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս