Սերժ Սարգսյան. Հայ-չինական ավանդական բարեկամական կապերը սկիզբ են առնում հեռավոր անցյալից
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինին:
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Չինաստանը կշարունակի հաստատուն առաջխաղացումը միջազգային հեղինակության բարձրացման, հասարակական առաջընթացի, տնտեսական ու մշակութային զարգացման ուղղությամբ:
Հայ-չինական ավանդական բարեկամական կապերը սկիզբ են առնում հեռավոր անցյալից: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Հայաստանը և Չինաստանը ձեռնամուխ են եղել հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների ձևավորմանը, որոնք անցած տարիների ընթացքում շարունակաբար ընդլայնվել և ամրապնդվել են:
Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության բոլոր բնագավառներում վերջին տարիներին արձանագրված կտրուկ աճը պահպանելու և խթանելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ, մեծարգո պարոն Նախագահ, ջանքեր գործադրել մեր երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու ակտիվ գործակցությունը բարձրացնել նոր մակարդակի՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: