Բաժիններ՝

Արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության մասին դադարել են խոսել. Միքայել Մելքումյան

2013 թվականի բյուջեում 2012թ. բյուջեի համեմատ եկամուտների աճը մոտ 120 մլրդ դրամ էր, իսկ 2014-ին այս տարվա համեմատ ընդամենը 90 մլրդ դրամի ավելացում է նախանշվում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, դրա մեջ ակնկալիքն այն է, որ հարկային բեռը չի ավելանում:

«Հարկային բեռի ճշգրտումն արտահերթ նիստով է արվում դեկտեմբերի վերջին, օրինակ՝ անցած տարի 17-18 օրինագծերով փաթեթ էր ներկայացվել ԱԺ: Այս տարի նման բան չի սպասվում, քանի որ 2-3 կարևոր հանգամանք կա՝ ՀՀ տնտեսության վրա լուրջ ազդեցություն ունի ՌԴ տնտեսությունը, որտեղ լուրջ դանդաղեցում է կանխատեսվում և´ միջազգային կառույցների, և´ ՌԴ կողմից, իսկ ՌԴ տնտեսութան աճի դանդաղումը բերում է մեր տնտեսության աճի անկման»,- ասաց Մ.Մելքումյանը՝ նշելով, որ առաջին հերթին տուժում են տրանսֆերտները, նաև ՀՀ արտահանման մեծ մասը գնում է ՌԴ, որտեղ շուկան մեզ համար ավելի դիվերսիֆիկացված է: Ըստ Մելքումյանի՝ եթե աճ չկա, պահանջարկն ընկնում է, Հայաստանը տուժում է:

Պատգամավորի խոսքով՝ Եվրասիական միության հետ  կապված սպասելիքները բավականին մեծ են, այդ դեպքում նաև իրավական դաշտում խնդիրների հստակեցման կարիք կա, մեր ամբողջ օրենսդրությունը, այդ թվում՝ հարկային և մաքսային, պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի:

Մ.Մելքումյանը փաստեց, որ Հայաստանի ներդրումային գրավչությունը բավականին իջել է, և առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումները նվազել են 60%-ով, ինչը որևէ բանի հետ կապ չունի՝ ոչ Մաքսային միության, ոչ էլ Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների. «Մենք տեսնում ենք, որ 2-րդ եռամսյակում լուրջ տնտեսական աճի անկում ունենք՝ ապրիլից օգոստոս իջել է 3.8%, գնաճը բարձրացել է 9.5%, եկամուտները միջինը 4%-ի սահմաններում են: Այս ամենը հանգեցնում է նրան, որ մեզ մոտ տնտեսական ակտիվության մակարդակը լրջորեն իջել է: Վերջին շրջանում նույնիսկ դադարել են խոսել արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության, դիվերսիֆիկացման մասին: Վարվող տնտեսական քաղաքականությունը հատվածային է, ամբողջական չի, հեշտացվում է առանձին բիզնես գրանցելը, կադաստրից տեղեկանք վերցնելը, ևս մի ինչ-որ ընթացակարգ, բայց նույնիսկ Մուդիսի վարկանշային տվյալներով մեր արժեթղթերը մի կատեգորիա իջել են, իսկ սա նշանակում է, որ ընդհանուր ներդրումային գրավչությունն իջած է այս պահին: Այս միտումները լավ բան չեն կանխորոշում»:

Մ.Մելքումյանը կասկած հայտնեց, որ եթե հաշվի առնենք, որ 1 եռամսյակ է մնացել, 5-7% տնտեսական աճը կապահովվի:

Նա նաև նշեց, որ կենսաթոշակների 15% աճը շատ չի համարում, հաշվի առնելով, որ նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամից 2013 թ. հուլիսին դարձավ 45 հազար դրամ, 45 հազարը հունվարի 1-ից կդառնա 50 հազար. «Գնաճը երկնիշ է, սպառողական զամբյուղն էլ պաշտոնապես չի ասվել, բայց կարծում եմ այս գնաճի պայմաններում հասել է 70 հազարի: Նշանակում է 15%-ը բավարար չի: Աղքատությունը 2.5-3 տարի առաջ 35% էր, այսօր ոչ մեկ չի կարող ասել, թե ինչքան է այն: Այդ ցուցանիշներից ելնելով պետք է գնահատենք կենսաթոշակների 15% և աշխատավարձերի 40 % աճերն ինչ են իրենցից ներկայացնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս