Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարարները գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի վրա գտնվող փոխշահավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրա վկայություններից է նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի Ազգային ժողովի և Իրանի Մեջլիսի միջև համագործակցությանը և կարևորվել միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային բնագավառներում փոխգործակցության վերաբերյալ։

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը՝ կարևորելով այդ ուղղությամբ արձանագրված դրական միտումները։

Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Այս համատեքստում Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Էդվարդ Նալբանդյանն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան։

 

 

Տեսանյութեր

Լրահոս