Դաշնակցական աճպարարություն

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ լինելով 123-ամյա կուսակցություն և հպարտանալով իր ավանդույթներով` մշտապես եղել է քաղաքական նորարարության կրող: Վերջին շրջանում մենք ականատեսն ենք այս կուսակցության կողմից դրսևորվող մի գործելաոճի, որը կարելի է անվանել` «հատվածական ընդդիմություն և հատվածական իշխանություն»: Մինչև այժմ ընդունված է եղել կարծել, որ քաղաքական կուսակցությունը կամ իշխանություն է, կամ ընդդիմություն:

Բայց Դաշնակցությունը քաղաքական աճպարարության այնպիսի հնարքներ է կիրառում, որոնք ուղղակի զարմանք են առաջացնում, թե ինչպես է դա հնարավոր: Մի քանի տարի առաջ ՀՅԴ-ն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ամենաթունդ քննադատն էր և պահանջում էր նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, իսկ այսօր ՀՅԴ-ի ամենաառանցքային գործիչներից Վահան Հովհաննիսյանը համաձայնվում է նշանակվել Հայաստանի դեսպանի պաշտոնում (Գերմանիայում կամ որևէ այլ երկրում, ինչն էական չէ)` լավ իմանալով, որ դեսպաններին նշանակում է հանրապետության նախագահը, իսկ ըստ Սահմանադրության` հենց նախագահն է իրականացնում ՀՀ արտաքին քաղաքականությունը, Նալբանդյանն էլ հետևելու է, որ Վահան Հովհաննիսյանը լավ կատարի իրեն վստահված գործը:

Նշանակում է, որ Վահան Հովհաննիսյանը դառնալու է նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսի իրականացնողը` առանձին վերցրած որևէ երկրում: Իսկ առանց գաղափարական համախոհության` դա հնարավոր չէ: Մյուս կողմից` ՀՅԴ-ն փորձում է խորհրդարանում ստեղծել «Նաիրիտ» գործարանի գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողով, քանի որ այս կուսակցության և վարչապետ Տիգրան Սարգսյանի հարաբերությունները լարված են: Դաշնակցական պատգամավորները փորձելու են այդ հանձնաժողովի միջոցով ապացուցել, որ «Նաիրիտի» շուրջ կատարված մութ պատմությունների կազմակերպիչն ու պատասխանատուն Տիգրան Սարգսյանն է: Ամենևին զարմանալի չի լինի, որ նրանք պահանջեն Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

Դա, իհարկե, չի նշանակում, որ Տիգրան Սարգսյանը ՀՅԴ պահանջով հրաժարական կտա. ավելի հավանական է, որ, օրինակ, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում վարչության պետ աշխատելու առաջարկ ստանա: Մինասյանը, թերևս, կհամաձայնվի, քանի որ Հայաստանի տնտեսությունը փրկելու համար ՀՅԴ-ն պատրաստ է ամեն ինչի:

Բայց դա, իհարկե, չի նշանակի, որ ՀՅԴ-ն դառնում է իշխանություն. ՀՅԴ-ն կարող է իսկույն քննադատելու նոր ոլորտներ գտնել, ասենք, Ոստիկանության կամ Դատախազության համակարգում: Այնքան ժամանակ, մինչև դրանցից որևէ մեկում «պատասխանատվություն ստանձնելու» առաջարկ կստանա: Մեծ հաղթանակի նկատմամբ հավատի կորուստը, հավանաբար, ստիպում է բավարարվել փոքր ձեռքբերումներով:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս