ՇՄԱՓ նոր օրինագիծը վատից վատն է. Հակոբ Սանասարյան

Այսօր Ազգային ժողովի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի նախագծին: Ըստ սահմանման՝ այն կարգավորում է ՀՀ-ում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների, այդ թվում՝ անդրսահմանային և շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ոլորտի հասարակական հարաբերությունները:

 Հիշեցնենք, որ անցած տարվա սկզբին ՇՄԱՓ օրենքի փոփոխությունների ու լրացումների ժամանակ բնապահպանները բողոքի ակցիաներ էին կազմակերպում դրա դեմ՝ մատնանշելով օրինագծի մի շարք լուրջ բացթողումները:

 «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) հայաստանյան համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Աիդա Իսկոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ օրենքի մշակման ժամանակ Օրհուսի կոնվենցիայից շեղումներ չեն եղել, և այս վիճակով ՇՄԱՓ-ը «1 մեծ քայլ առաջ է գնացել»:

 «Սա այս ոլորտի ամենավիճահարույց օրենքի նախագիծն էր: Մենք աշխատեցինք, որ լինի կոնսենսուս, մեծ ուշադրություն է դարձվել հ/կ-ների բոլոր առաջարկներին, հասարակությանը ժամանակին իրազեկելուն, մասնակցությանը, առաջին անգամ նշվում են գործունեության տեսակները՝ ըստ նրանց կողմից շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնելու, որը դասակարգվեց «a», «b» և «c» խմբերով, որից ամենավտանգավորն «a» խումբն է: Մոտարկում տեղի ունեցավ Եվրոպայի և այլ երկրների օրենսդրությանը: Իհարկե, ես չեմ կարող ասել, թե այնտեղ բացեր կամ թերություններ չկան, բայց դրանք կսկսեն բացահայտվել, երբ օրենքը կսկսի աշխատել, և այն ժամանակ փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն»,- ասաց Ա.Իսկոյանը:

 Նրա խոսքով՝ ամենակարևորը սահմանային չափերն են, որ նախորդ օրենքում չկար, իսկ այս օրինագծում կոնկրետացվում է և հստակ չափանիշներ են նշվում, թե երբ է անցկացվում փորձաքննություն: Իսկոյանը նշեց, որ այս տարբերակին բիզնես հատվածը կարող է որոշ առումով փորձել խոչընդոտել:

 Ա.Իսկոյանը տեղեկացրեց, որ Օրհուսի հանձնաժողովները տեղյակ են ՇՄԱՓ-ի փոփոխություններից, և զեկույցն ուղարկվել է Ժնև: Միաժամանակ, ըստ նրա՝ օրինագծի նոր տարբերակի մշակմանը մասնակցել են հ/կ-ների ներկայացուցիչները, որոնց հետ վիճել են, արդյունքում՝ ավելի շատ զիջել է Բնապահպանության նախարարությունը, քան հ/կ-ները:

 Մինչդեռ մեզ հետ զրույցում «Կանաչների միություն» հ/կ նախագահ Հակոբ Սանասարյանն այս նոր օրինագիծը բնորոշեց՝ որպես վատից վատը:

 «Հին օրենքը միջազգային կոնվենցիաներից վերցված դեկլարացիա էր, և մենք միշտ պայքարել ենք, որ այդ օրենքը փոխվի: Բայց հիմա սա ավելի վատն է, քան նույնիսկ այն վատը»,- ասաց Հ.Սանասարյանը:

 Նրա խոսքով՝ ժամանակին կար ընդհանուր մոտեցում բնապահպանական փորձաքննության մասին, 1995-ին դրեցին չափաբաժիններ, որ այս կարգի ձեռնարկությունը, այս չափի հողը պետք է անցնի փորձաքննություն, որն աբսուրդ է, քանի որ շատ ժամանակ փոքր տարածքում կարող են կառուցել շատ վտանգավոր արտադրություն, և երկրորդ՝ այն մարդիկ, որ շահադիտական են, ծանոթներ ունեն իշխանական համակարգում, փորձաքննության համար սահմանված տարածքից ավելի փոքր թիվ են նշում փաստաթղթերում, կտոր-կտոր են անում տարածքն ու խուսափում փորձաքննությունից:

 «Ընդհանուր շատ վատ օրենք է: Եթե օրենքը սրբություն է, ապա ՀՀ-ում կան մի շարք օրենքներ, որոնք կարելի է վերցնել, տրորել և գցել աղբանոց, քանի որ դրանք պետությունը քանդող, պետությունն աղքատացնող, ժողովրդի ունեցվածքն ուրիշներին հանձնող օրենքներ են: Հիվանդացրել են ՀՀ իրավական համակարգը, առաջին հերթին՝ օրենքները»,- նշեց Հ.Սանասարյանը:

 «Դալմա-Սոնա» հիմնադրամի ՀԽ Նախագահ, քաղծառայության 2-րդ դասի խորհրդական, իրավաբան Ռուզաննա Ղազարյանի կարծիքով նույնպես՝ օրենքը «լավն» անվանել չի կարելի. «Հերթական անգամ ՀՀ Ազգային ժողովը քննարկման է ընդունում նախագիծ` առանց հաշվի առնելու գործող օրենսդրության պահանջները: ՇՄԱՓ-ն ԱԺ է ներկայացվել ոչ ամբողջական փաթեթով, ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջին: Այն հակասում է նաև ՀՀ Սահմանադրությանը ու մի շարք օրենքների, մասնավորապես` «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին: Նախագծին կցված չեն և, համապատասխանաբար, հանրության կողմից քննարկված չեն այն օրենքների նախագծերը, որոնք պետք է ընդունվեն նախագծի հետ միաժամանակ՝ ի կիրառումն նախագծի: Օրինակ` «Հասարակական լսումները սահմանված կարգով չանցկացնելու և/կամ ընդհանրապես հասարակական լսում չանցկացնելու համար պատիժ և պատասխանատվություն սահմանող» օրինագիծը: Նախագծին կցված չեն այն կարգերի նախագծերը, որոնք դեռ 15 տարի առաջ ՀՀ կառավարությունը պետք է հաստատած լիներ` ներկայումս գործող ՇՄԱՓ օրենքի պահանջով»:

Տեսանյութեր

Լրահոս