Ո՞վ է նորոգելու հիվանդանոցների ճանապարհները. Հարց, որի պատասխանը մինչ օրս չեն գտնում
Վանաձոր քաղաքի, ինչպես նաև մարզի այլ համայնքներում գտնվող բժշկական կենտրոններ տանող քարուքանդ ճանապարհների մասին բազմիցս է խոսվել: Վանաձորի սրտաբանական ու ինֆեկցիոն հիվանդանոց տանող ճանապարհները գտնվում են խայտառակ քարուքանդ վիճակում, անձրևոտ օրերին այ ճանապարհով քայլելն ու երթևեկելն իսկական պատուհաս է թե՛ տաքսու վարորդների և թե՛ միկրոավտոբուսների համար: Նույն վիճակն է նաև գրեթե բոլոր պոլիկլինիկաներ տանող ճանապարհների պարագայում: Եթե միկրոավտոբուսները ստիպված բարձրանում են, քանի որ դա իրենց երթուղին է, ապա տաքսու վարորդներից շատերը հրաժարվում են մարդկանց տեղափոխել այնտեղ:
Ոչնչով չի տարբերվում նաև Վանաձորի բժշկական կենտրոն տանող ճանապարհը: Նույնն է իրավիճակը նաև Ստեփանավանի ու Տաշիրի բժշկական կենտրոնների դեպքում: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի աշխատակիցները լրագրողների հետ զրույցում պարբերաբար նշել են, թե հիվանդանոցային համալիրների տարածքները պետք է ասֆալտապատեն տվյալ հաստատությունները, սակայն բուժկենտրոնների ղեկավարները հրաժարվում են` պատճառաբանելով, որ բյուջե չունեն:
Թե ո՞վ է իրականում իրավասու և պարտավոր հոգալ հիվանդանոցներ տանող ճանապարհների բարեկարգման խնդիրներով` դեռևս «պարզված» չէ: Տարիներ շարունակ նշված երկու կառույցներն այս խնդրի լուծումը գցել են մեկը մյուսի վրա, և խնդիրը շարունակում է մնալ օրակարգային:
Իրականում, սակայն. խնդիրը շատ ավելի լուրջ է. եթե հիվանդին անհրաժեշտ է անշարժ վիճակում տեղափոխել հիվանդանոց, դա անհնար է դառնում, քանի որ հիվանդանոցի ճանապարհի «մարդաբոյ» փոսերը նման հնարավորություն չեն տալիս: Հետևաբար` խիստ կասկածելի է դառնում նման հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու արդյունավետությունը:
Հավելենք, որ Ինֆեկցիոն հիվանդանոց, թիվ 3 պոլիկլինիկա, ինչպես նաև Վանաձորի բժշկական կենտրոն տանող ճանապարհն անհայտ անձի կամ անձանց կողմից իբր հարթացվել է հողով ու ավազով և մի քանի անգամ գործածված ու ոչ պիտանի ասֆալտի կտորներով, որոնք էլ ավելի են սրել իրավիճակը: