Արևմտամետ է, բայց դեմ չէ դառնալ ռուսամետ

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք էր հրավիրել, որպեսզի հայտարարի, որ Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը վտանգված է: Այն վտանգել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հայտարարելով, որ Հայաստանը ցանկություն ունի միանալ Մաքսային միությանը:

Թվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը իր հանրահավաքին պետք է հրավիրեր այնպիսի քաղաքական գործիչների, ովքեր կիսում են իր գաղափարները և կարգախոսները: Մինչդեռ հանրահավաքում ելույթ ունեցողների մի մասը, ընդհակառակը համոզված է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը փրկություն է Հայաստանի համար կամ առնվազն բխում է Հայաստանի շահերից, բայց, հավանաբար, էթիկային զոհ գնալով գերադասեց չարտահայտվել:

«Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց.

«Թույլ չենք տա, որ Արևմտյան և ԱՄՆ տերերը իրականացնեն իրենց պիղծ նպատակը` դանդաղ ոչնչացնեն ազգը, Հայաստանը, օգտագործելով Րաֆֆու կարողությունները: Րաֆֆին ամենակարևորը հայամետ է, հայ է»: Այս ելույթից հետո Արմենուհի Ղազարյանից հարցրեցինք, թե արդյոք ինքը համարում է, որ Մաքսային միությանը միանալու դեպքում վտանգվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Տիկին Ղազարյանը անակնկալի եկավ մեր այս հարցից, քանի որ միշտ հակառակի մասին է խոսել. «Ընդհակառակը` ես միշտ ասել եմ, որ կողմ եմ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելուն, Ռուսաստանի հետ մեր վաղեմի քաղաքական, տնտեսական և ռազմավարական կապերի պահպանմանը և ամրապնդմանը:

Ես վտանգավոր եմ համարում արևմտյան արժեքների ներթափանցումը Հայաստան, որոնք վտանգում են մեր ինքնությունը, և կոչ եմ անում չտարվել արևմտյան կեղծ գաղափարներով»: Իսկ արդյոք այդ ռազմավարական կապերի ամրապնդումը և Մաքսային միություն մտնելը չի վտանգում մեր անկախությունը և ինքնիշխանությունը: Այս հարցում ևս տիկին Ղազարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներից տարբերվող պատասխան ունի. «Նրանք, ովքեր ասում են, որ Հայաստանն այսօր անկախ է, և իր անկախությունը կկորցնի Մաքսային միություն կամ Եվրասիական միություն մտնելու դեպքում, նրանք ստում են, քանի որ Հայաստանը այսօր էլ անկախ չէ: Մենք արդեն 20 տարի կախված ենք մի խումբ չինովնիկներից, օլիգարխներից ու ավազակներից, ովքեր թալանում ու կեղեքում են մեզ, իրենց արևմտյան հովանավորների աջակցությամբ»: Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Արմենուհի Ղազարյանը մասնակցում «Ժառանգության» հանրահավաքին, որի կազմակերպիչները համարում են, որ Մաքսային միությանը միանալը վտանգում է Հայաստանի անկախությունը:

«Ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանը եկել է ԱՄՆ-ից և արևմտյան հայացքներ ունի, բայց ես կանգնած եմ նրա կողքին, քանի որ նա ազնիվ ու շիտակ մարդ է: Ես պետք է նրան համոզեմ ու ապացուցեմ, որ ճիշտը ռուսական կողմնորոշումն է, իսկ Արևմուտքն ու ԱՄՆ-ը մեր թշնամիներն են»,- ասում է «Հայկանդուխտ» կուսակցության նախագահը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության (ԺՈՒԿ) նախագահ Մանուել Գասպարյանն էլ իր ելույթում Ուկրաինայի օրինակով կոչ էր անում Հայաստանի իշխանություններին համաժողովրդական հանրաքվե անցկացնել պարզելու համար, թե որ միության հետ ինտեգրմանն է կողմ հասարակությունը` Եվրոմիությանը, թե Եվրասիական միությանը: Քանի որ պարոն Գասպարյանը իր ելույթում հստակ չհայտնեց, թե անձամբ ինչպես կքվեարկեր նման հանրաքվեի ժամանակ, մենք փորձեցինք առանձին ճշտել նրա և նրա ղեկավարած կուսակցության դիրքորոշումը: «Հիմա մենք կուսակցական ընկերների հետ քննարկում ենք այդ հարցը:

Իմ դիրքորոշումն այսպիսին է. մենք Մաքսային միություն և Եվրասիական միություն կմտնենք միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կատարի մեր երեք հիմնական պահանջները:

Ռուսաստանը պետք է ավելի մեծ և ավելի հստակ պարտավորություններ ստանձնի մեր անվտանգության ապահովման հարցում, պետք է հստակ երաշխիքներ տա, որ կվերագործարկի «Գույք պարքի դիմաց» գործարքով իրեն անցած ձեռնարկությունները, որի արդյունքում կստեղծվեն 15-20 հազար աշխատատեղեր, և պարտավորվի, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում կվերաբացի աբխազական երկաթուղին, որպեսզի Հայաստանը կապվի Ռուսաստանի հետ, որպեսզի Մաքսային միությանը անդամակցությունը իրական արդյունքներ ունենա»: Մանուել Գասպարյանին տվեցինք նույն հարցը, թե այդ դեպքում չի՞ վտանգվի Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը:

«Ճիշտ է, նման վտանգ կա, և ես անձամբ կողմնակից եմ եվրոպական ինտեգրացիային: Բայց Հայաստանը այսօր ստամոքսի խնդիր ունի, և առաջնահերթ պետք է լուծել անվտանգության և ժողովրդին աշխատանքով ապահովելու խնդիրները: Որովհետև եթե Հայաստանը դատարկվում է, այդ դեպքում անիմաստ է խոսել արժեքներից: Ոչինչ հավերժ չէ, այսօր մենք կարող ենք որոշակի զիջումների գնալ մեր անկախության և ինքնիշխանության հարցում, բայց երբ անվտանգության և բարեկեցության հարց լուծված կլինի, հնարավոր կլինի ադրադառնալ նաև արժեքներին, հետ բերել այդ զիջումները»,- մտածում է Մանուել Գասպարյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում ելույթ ունեցան մի քանի ազատամարտիկներ, որոնք նույնպես որևէ հստակ դիրքորոշում չարտահայտեցին Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ՝ քննադատելով իշխանությանը և համակարգային փոփոխությունների պահանջ դնելով: Նրանցից որևէ մեկը չհայտարարեց, որ Մաքսային միությանը անդամագրվելը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, կամ իշխանությունից չպահանջեց ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

Ինչո՞ւ էր Րաֆֆի Հովհաննիսյանը իր հանրահավաքին հրավիրել մարդկանց, ովքեր Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցում կողմ են Ռուսաստանի հետ ինտեգրմանը կամ չունեն որևէ հստակ դիրքորոշում: Միթե պատճառն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես ծանոթ չի եղել նրանց դիրքորոշմանը կամ ցանկացել է, որքան հնարավոր է` բազմաժանր դարձնել հանրահավաքը: Դժվար թե. իրականում ավելի հավանական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ինքն էլ թաքուն ակնկալիքներ ունի Ռուսաստանից:

Մասնավորապես` նա անընդհատ ցանկանում է իմանալ, թե արդյոք Վլադիմիր Պուտինը մտադիր չէ՞ իշխանափոխություն իրականացնել Հայաստանում: Քանի որ եթե հանկարծ նման բան լինի, Րաֆֆի Հովհաննիսյանը հենց իրեն է պատկերացնում Հայաստանի հաջորդ նախագահ. որպես գործիչ, ով կարողանում է իր շուրջը քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա ստեղծել, այդ թվում՝ խիստ ռուսամետ ուժերի կոնսոլիդացիա:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս