
Ներսես Կարմանուկյանը նշանակվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ

Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Անելիք Բանկ» ՓԲԸ Բաժնետերերի ժողովը և Խորհրդի նիստը: Բանկի Խորհրդի նիստում Բանկի Վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը` դադարեցնելով իր անդամակցությունը Բանկի Խորհրդին:
«Անելիք բանկի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են լիբանանյան Կրեդիտ բանկին, որը լիբանանյան բանկային շուկայում դինամիկ զարգացող բանկերից է և վերջին տարիներին երկու անգամ անընդմեջ արժանանացել է «Լավագույն ֆինանսական աճ» և «Ամենաարագ աճ» մրցանակներին. ձեռքբերումներ, որոնք արդյունք են Բանկի որդեգրած ճիշտ ռազմավարության, դրա իրագործմանն ուղղված քրտնաջան, թիմային աշխատանքի և, իհարկե, բանկի նկատմամբ հաճախորդների շարունակ ավելացող վստահության: Աշխատելով Անելիք բանկի խորհրդի կազմում և լավատեղյակ լինելով Բանկի աշխատանքի սկզբունքներին` կարծում եմ համատեղ ուժերով մեզ կհաջողվի Կրեդիտ բանկի աշխատանքային ձեռքբերումները գրանցել նաև Անելիք բանկում»,- ասել է Բանկի նորընտիր Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Ն. Կարամանուկյանը երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռ սրբ. Էջմիածնի Ֆինանսատնտեսական գործերի կառավարիչ, այնուհետև` Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, 2009-2011թ.թ. եղել է Արդշինինվեսբանկի վարչության նախագահը: 2011 թվականից աշխատել է Բրիտանական «Lydian International» ընկերության կովկասյան տարածաշրջանային տնօրեն, իսկ մինչև Անելիք բանկում աշխատելու հրավեր ստանալը Ասիական Զարգացման Բանկում աշխատել է ՀՀ տնտեսության մասնավոր հատվածի հարցերով խորհրդական: