«Առանց ՌԴ-ի Հայաստանի անվտանգության ապահովումը չափազանց դժվար կլինի»
«Հայաստանը չի ուզում երկրորդ անգամ լինել պարտադրված վիճակում։ Առաջին անգամ մեզ պարտադրել են պատերազմ և այդ պատերազմում մենք հաղթել ենք։ Որպեսզի երկրորդ անգամ բանակցային գործընթացը հաջողությամբ ավարտվի, այն պետք է կառուցվի երկխոսության, փոխադարձ հասկացության շրջանակներում, և եթե լինելու են զիջումներ, ապա պետք է լինեն փոխադարձաբար»,- այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` այսօր իր ելույթում նշել է պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Բայց, ցավոք սրտի, մեր հարևանները փորձում են մեզ հետ նորից ուժի միջոցով խոսել, պարտադրել իրենց ուժը, հասնել նրան, որ զիջումները լինեն միակողմանի, ինչն անընդունելի է»,- հավելել է նախարարը։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Օհանյանը նշեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցության ամենակարևոր ուղղությունը ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունն է, առավել ևս, որ Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններ ունի։ Նախարարը նաև հավելեց, որ 2010 թվականին Ռուսատանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ստորագրվել է համաձայնագիրը, որով Ռուսաստանը պարտավորվել է ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ամբողջությամբ։
«Որովհետև նույն մեր հարևանների արդեն իսկ այն ժամանակահատվածի պաշտպանական կարողությունները հետզհետե վերածվում են հարձակողական կարողությունների, և այդ առումով առանց ՌԴ-ի մեր անվտանգության ապահովումը չափազանց դժվար կլինի, եթե միայն Ադրբեջանը լիներ, մենք խնդիր չունեինք»,- ասել է նախարարը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: