
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Չեխիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, բարեկամական խմբերի և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը, Եվրոպայի հետ երկխոսության շարունակականությանն ու սերտացմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև անհանդուրժողականության, ժխտողականության ու ռասիզմի՝ ժողովրդավարության հետ անհամատեղելիության խնդրին՝ որպես օրինակ ներկայացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը և ուժի դիրքերից խոսելու Ադրբեջանի ռասիստական հռետորաբանությունը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանը եղել և մնում է ԼՂ հիմնախնդրի և ցանկացած կոնֆլիկտի խաղաղ, քաղաքական կարգավորման կողմնակից:
Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան հավաստիացրեց, որ Չեխիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին ինչպես ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այնպես էլ ներքին բարեփոխումների շարունակականությունն ու առաջընթացն ապահովելու հարցում: