Փլուզում է գրանցվել Գյումրու Տիգրան Մեծի 28 հասցեում
tsayg.am-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 17-ին գիշերը ժամը 3-ի սահմաններում փլուզում է գրանցվել Գյումրու Տիգրան Մեծի 28 հասցեում: Փլուզվել է բնակելի շենքի կտուրի ծածկը: Բնակիչների խոսքերով, երկհարկանի շինությունը շահագործման է հանձնվել դեռ 1927 թ-ին, որից հետո երբևէ չի ենթարկվել հիմնավերանորոգման:
Ըստ «Գյումրի կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանի, փլուզման վթարավնասազերծման աշխատանքները կիրականացվեն համատիրության ջանքերով: Տիգրան Մեծ 28 շենքի բնակիչները նշում են, որ շենքում մասնակի վերանորոգումներն հիմնականում իրականացվում են հենց իրենց ֆինանսական միջոցների ներդրմամբ: Իսկ փլուզման նմանօրինակ դեպքեր այստեղ հաճախ են գրանցվում:
Վթարային այս շենքում բնակվում է թվով 8 ընտանիք: Բնակիչների խոսքերով իրենք բազմիցս դիմել են համապատասխան ատյանների, շենքում վերանորոգում իրականացնելու նպատակով, սակայն դիմում-խնդրանքներն այդպես էլ մնացել են անպատասխան: