Թմրանյութերի գործով ամբաստանյալների դատավճիռը հրապարակվեց. ամբաստանյալի մայրը դատավորին անխիղճ ու անաստված անվանեց (տեսանյութ)
ԳԱԼԱ-փոխանցմամբ՝ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց թմրանյութերի գործով ամբաստանյալներ Արթուր Պետրոսյանի, Ալբերտ Հակոբյանի և եւս մյուսների գործով դատավճիռը: Նրանցից երկուսը` Արմինե Գևորգյանը և Ալլա Մալխասովան ամբաստանյալներից երկուսի կանայք են և մեղադրվում են թմրանյութերի իրացման գործով:
Թմրանյութերի իրացման գործով առավելագույն պատիժ սահմանվեց Սևան ՔԿՀ-ում գտնվող Արթուր Պետրոսյանի նկատմամբ`14 տարի: Իսկ դրանց իրացմանը նպաստող և թմրանյութը հասցեատերերին հասցնող Ալբերտ Հակոբյանը դատապատվեց 12 տարվա ազատազրկման: Վերջինս շարունակ շրջվում և հանգստացնում էր լաց լինող մորը:
Դատական նիստին ներկա Հակոբյանի մայրը դատավոր Մնացական Մարտիրոսյանին անվանեց անխիղճ ու անաստված, ապա որդուն դիմելով` փնովեց նրան` ասելով. «Աբո ջան, ախր էս ինչ արեցիր»: Դատարանի բակում որդուն կալանվայր տանող մեքենային սպասող մայրը լաց էր լինում ու սպառնալիքներ հնչեցնում Մարտիրոսյանի հասցեին:
Գործով մյուս ամբաստանյալներ Ալլա Մալխասովան դատապարտվեց 8 տարի ազատազրկման, Գագիկ Քերոբյանը` 4 տարի, Արտաշես Բաղումյանը` 3 տարի, Կարեն Արզումանյանը՝ 6 տարի, 9 ամիս, Լևոն Շահինյանը` 1 տարի, 6 ամիս ազատազրկման, Սահակ Սահակյանը` 2 ամիս, Արմինե Գևորգյանը` 3 ամիս ազատազրկման, որոնք պայմանականորեն չեն կիրառվի, ուստի նշանակվեց 1 տարի փորձաշրջան: