«Ես քո աչքերը հանելու եմ, մատաղ եմ անելու ախպորս գերեզմանին». միջադեպ փաստաբանի սպանության գործով դատական նիստում (տեսանյութ, լուսանկարներ)
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը, որին ներկա էին մեղադրյալներ Արեն Վերանյանն ու Սամվել Դիլոյանը, իսկ մյուս մեղադրյալ Արտակ Վերանյանը նիստին չէր ներկայացել: Ներկա էր նաև տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցն ու սպանված փաստաբանի քույրը: Դատարանի դահլիճում շուրջ 100 և ավելի երիտասարդներ կային, որոնք մեծամասամբ մեղադրյալների մտերիմներն էին:
Դատավորը, տեղեկանալով մեղադրյալ Արտակ Վերանյանի նսիտին ներկա չլինելու մասին, հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով հոկտեմբերի 4-ին, ու մինչ դատավորը կհեռանար, մեղադրյալների վրա զայրույթից հարձակվեց տուժողի քույրը, գոռալով. «Ես քո աչքերը հանելու եմ, մատաղ եմ անելու ախպորս գերեզմանին՝ չռված կեղտ, ոճրագործ, ես սպանելու եմ ձեզ, հայտարարում եմ, ես սրանց աչքերը հանելու եմ, հլա սրանց հավաքած զորքին նայեք, արյուն եմ թափելու, որ տենան արուն թափելն ինչ ա, դուք ո՞նց եք եկել սրանց կողքը կանգնել, դրանց պետք է մասսայական կախել»,-ասել է նա: Դատական կարգադրիչները նրան անմիջապես դուրս են հրավիրել դահլիճից, որտեղ ևս փաստաբանի քույրը շարունակում էր նրանց հասցեին զայրացած սպառնալիքներ հղել. «Ես եմ տեսել՝ ինչ են արել, ինչո՞ւ չեն հրապարակում նկարները, թող ներկայացնեն հանրությանը, թե ի՞նչ են արել փաստաբանին, հոշոտել են… երեքով մեկին, դեմքը չէր ճանաչվում ախպորս, ես դրանց մորթելու եմ, ով կապված է էս գործի հետ, բերդում թիքա-թիքա անել եմ տալու դրանց»:
Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերի 18-ին Լոռու մարզում սպանվեց փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանը, ում սպանության մեջ մեղադրվում են Արտակ և Արեն Վերանյանները, ինչպես նաև Սամվել Դիլոյանը, ով նախկինում եղել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ: Նշված երեք անձինք մեղադրվում են Շարբաթյանին դաժան ծեծելով սպանելու և օդամղիչ ատրճանակով նրա մարմնի վրա 6 անգամ կրակելու մեջ:
Տեսանյութը և լուսանկարները՝ հեղինակի