Գյումրիի Սարգսյան փողոցի բնակիչներն ամիսը մեկ կանգնում են նույն խնդրի առջև (լուսանկարներ)
Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի բնակիչների համար կոյուղաջրերի` փողոց լցվելու հետ կապված մշտական խնդիրներն անպակաս են: Թվում է, թե մասնագետները գիտեն իրենց գործը, սակայն այնուամենայնիվ ամիսը մի քանի անգամ այս փողոցի երկայնքով կոյուղաջրերը լցվում ու տարածվում են` ընդգրկելով նաև բնակելի տների նկուղային հարկերը:
Նույնատիպ պատահար գրանցվեց սեպտեմբերի 12-ին: Բնակիչների խոսքով` ամիսն ամենաքիչը մի անգամ բնակիչները կանգնում են այդ խնդրի առջև: Բացի նրանից, որ կոյուղաջրերը լցվում են փողոց, և այն դառնում է մասամբ անանցանելի, փողոցի երկայնքով մեկ անտանելի հոտ է տարածվում: «Ամեն անգամ զանգում ենք ջրմուղ, գալիս, մի քանի դիտահորերի վրա գործ են անում ու գնում: Անցնում է որոշ ժամանակ, ու էլի նույն պատմությունը: Արդեն երեսներս չի դառնում զանգել էլի նույն հասցեով, կանչել նույն խնդրի համար»,- նշում են Սարգսյան փողոցի բնակիչները:
Պատահարների ժամանակ կոյուղաջրերը չեն շրջանցում բնակելի տների նկուղային հարկերը` վնասելով նաև դրանք. «բնակելի շենքերի և սեփական տների կոյուղիների խողովակները փոքր են, դրա համար էլ մշտապես նույն խնդրի առաջ ենք կանգնում»: Սեպտեմբերի 12-ի դեմքը նույն օրը լուծվեց, սակայն, ինչպես համոզված են բնակիչները, կրկին ժամանակավորապես. «Տեսնենք այս անգամ ինչքան կտևի», նշում են նրանք:
Բացի վերոնշյալ դեպքերից` պետք է փաստել, որ Գյումրիի ջրահեռացման համակարգը լուրջ վերանորոգման կարիք ունի: Հորդառատ տեղումների ժամանակ քաղաքի փողոցներն ուղղակի անանցանելի են դառնում: Ջրային կուտակումներ են գոյանում մի շարք փողոցներում և ամբողջական թաղամասերում, որի պատճառով ճանապարհները դառնում են անանցանելի և՛ մեքենաների, և՛ առավել ևս մարդկանց համար: Հորդառատ տեղումներից հիմնովին տուժում են նաև ասֆալտապատ փողոցները, որոնք էլ իրենց հերթին բնավ չեն փայլում որակով. ջուրը մնալով և ներծծվելով` հետագայում հանգեցնում է փողոցների անանցանելիությանը` այս անգամ արդեն ասֆալտի քանդված լինելու պատճառով: Այդպիսի տարածքներում տարեկան մի քանի անգամ հատվածական ասֆալտապատման կարիք է առաջանում, սակայն դա էլ խնդրի լուծում համարել հնարավոր չէ:
Գայանե Ավետիսյան
Գյումրի