Խուդոյանների հինգհոգանոց ընտանիքին տնից դուրս են հանում

Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանն արդեն երկու տարի է՝ տարբեր գերատեսչություններին ու զանգվածային լրատվության միջոցներին ներկայացնում է իր ընտանիքի վիճակն ու  կառավարությունից պահանջում ուշադրություն դարձնել իր խնդրին և չորս անչափահաս երեխաներին տնից չզրկել: Խուդոյանները գրեթե ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց են, ամբողջ ընտանիքով մասնակցում են բողոքի ցույցերին ու դժգոհում անարդարությունից: Խուդոյանները մի քանի անգամ նստացույց են կազմակերպել նաև նախագահական նստավայրի դիմաց, սակայն՝ անօգուտ: Ընտանիքի պատմությունը որչափ տարօրինակ, նույնքան էլ զարհուրելի է: Խուդոյանների հինգհոգանոց ընտանիքին տնից դուրս են շպրտում հարազատ քույրը, եղբայրն ու մայրը:

Պատմությունը, ըստ Խուդոյանների, հետևյալն է: 1976 թվականին Աշոտի պապը` Ասատուր Խուդոյանը, Էջմիածին քաղաքի Շահումյան 27 հասցեում գտնվող տունը կտակում է թոռներից մեկին` Աշոտին: «Հետո նոտարական գրասենյակում հայտնվեց կեղծ փաստաթուղթ, թե նույն տարվա վերջում պապը կտակը փոխել է և նվիրատվություն ձևակերպել հարսին և մյուս թոռանը: Դիմում ենք նոտարական գրասենյակ, սակայն նոտարը պատասխանում է, որ կտակը չի փոխվել և բովանդակությունը մնացել է նույնը: Եթե կտակը փոխելու անհրաժեշտություն կար, պապը պետք է դիմում գրեր, հրաժարվեր կտակից և միայն դրանից հետո նվիրատվություն աներ»,- ասում է Աշոտ Խուդոյանը:

Նրա կինը` Հեղինեն, պատմում է, որ նոտար Վրեժ Ղարիբյանը պնդում է, թե գոյություն ունի վավերացված նվիրատվության փաստաթուղթ:

«Ես էլ հարցնում եմ` եթե կտակ արվել է և չի փոխվել, ի՞նչ նվիրատվության մասին կարող է խոսք գնալ»,-ասում է Հեղինեն: Այս հարցին նոտարը խուսափում է պատասխանել: Հեղինեն պատմում է, որ սկեսուրը բնակվում է Ամերիկայում, քույրը` Մարիետան՝ Երևանի Չարենցի փողոցում: «Նրա խնամին դատավոր է, փեսան` փաստաբան: Նրանք ինչ ուզում՝ անում են: Քույրը մի քանի անգամ սպառնացել է, որ մեզ անտուն է թողնելու: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ են նրանք այդքան ատում ամուսնուս, ի՞նչ ենք մենք նրանց արել, որ էսպես ընկած են մեր հետևից»,-ասում է Հեղինեն:

Հեղինեն նաև պատմում է, որ կադաստրում նույնպես հանդիպել են ապօրինությունների: «Աշխատակցուհին ամուսնուս անունով դիմում է գրել, որ իբր 2006 թվին Աշոտ Խուդոյանն իմացել է նվիրատվության մասին և ստորագրել: Բայց ամուսինս նման բան չի արել: Մենք առաջին ատյանի դատավոր Մելքոնյանին ասում ենք՝ ստորագրությունը, դիմումը փորձագիտական քննության ենթարկեք, սակայն դատավորը մեր խոսքերին ուշադրություն չի դարձնում: Նրանք նայում են այն ձեռքին, որ գումար է տալիս, իսկ մենք գումար չունենք»,- ասում է նա:

«Քույրս ցանկանում է, որ տունն անցնի իրեն: Նա համագործակցում է նոտար Ալիկ Ավետյանի հետ, և նրանք իրենց ուզածով գործն առաջ են տանում: Քույրս անընդհատ սպառնում է, որ ինքը կապեր ունի, մենք ոչինչ ենք, ու ինքն ամեն ինչ կանի, որ մենք դառնանք բոմժ»,- պատմում է Աշոտը:

Արդեն տևական ժամանակ Խուդոյանների ընտանիքը վազում է նոտարական գրասենյակից դատարաններ ու հակառակը, սակայն՝ ապարդյուն: Թեև ամուսինները բազմաթիվ նամակներ են գրել ՀՀ նախագահին, վարչապետին, սակայն ոչ մի արձագանք չի ստացվել:

Հեղինեն պատմում է, որ ամուսինը վատառողջ է, ֆիզիկական աշխատանք կատարել չի կարողանում: «Եթե մի տեղ սվառկայի գործ է լինում՝ ամուսինս գնում է, աշխատում: Մենք նպաստով ենք ապրում` 30.000 դրամ»: Հեղինեն ցույց է տալիս կոշտացած մատներն ու ասում, որ ինքն է մշակում տան դիմացի հողամասն ու դրանով են յոլա գնում, սակայն «Փարոս» համակարգից նրանց զգուշացրել են, որ 2014-ին կզրկեն նպաստից, որովհետև հասցեում գրանցված են ամուսնու մայրն ու մյուս եղբայրը: Աշոտի ընտանիքն այդտեղ բնակվում է, սակայն գրանցում չունի: «Մեզ ասացին նաև, որ քույրս սեփականաշնորհել է մեր հողը: Դա էլ են մեր ձեռքից խլում»,- ասում է նա: Մեր հանդիպման ժամանակ Խուդոյանի մանկահասակ երեք աղջիկները` Հայկանուշը, Լիան և Սառան, վատառողջ էին: Մայրն ասում է, որ նրանք մրսել են, հազում են, հարբուխ ունեն, սակայն ստացված գումարը հազիվ բավականացնում է սննդին:

«Եթե իմ տունն ինձ չվերադարձնեն, ինձ վրա բենզին կլցնեմ, կկանգնեմ կառավարության շենքի դիմաց կայրվեմ, թող տեսնեն, թե պետությունը ոնց է վարվում իր քաղաքացիների հետ»,- ասում է Հեղինեն:

Տեսանյութեր

Լրահոս