Finita la commedia կամ` ո՞վ, ինչը՞ և ինչպե՞ս գողացավ

Երբ ամիսներ առաջ եվրատլանտյան աշխարհաքաղաքական տարածքում Հայաստանի մոտալուտ ինտեգրման վերաբերյալ համընդհանուր լավատեսության մթնոլորտում ես նախազգուշացնում էի, որ Սերժ Սարգսյանն անխուսափելիորեն «քցելու» է Եվրամիության չինովնիկներին, ինձ մեղադրում էին ՀՀ իշխանությունների հանդեպ եվրոպացիներին անվստահություն ներշնչելու դավադիր փորձերի մեջ:

Այսօր այդ նույն մարդիկ չքմեղանում են, թե, իբր, չեն հասկանում` ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանին պետք չորս տարի բանակցել Եվրամիության հետ Ասոցացման հանաձայնագրի պայմանների շուրջ, եթե նա, ի վերջո, պատրաստվում էր անդամակցել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը:

Պարոնայք, մի՞թե չեք հիշում, որ այդ հարցի պատասխանն էլ եմ ամիսներ առաջ տվել: Այս հնգամյակի ընտրական ցիկլի վերջին ընտրությունները` Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունները, ավարտվեցին մայիս ամսին: Ուրեմն առնվազն մինչև այդ ընտրությունների եվրոպական գնահատականների հրապարակումը` այսինքն` մինչև հուլիս-օգոստոս, Սերժ Սարգսյանը պետք է եվրոպացիներին և ամերիկացիներին հույսով պահեր:

Զավեշտալին այն է, որ այդ խնդիրը «մեծ կոմբինատորը» կարողացավ լուծել արևմտյան դրամաշնորհներով առատորեն սնուցվող հայտնի պարբերականների և վերլուծաբանների օգնությամբ: Վերջիններիս խիզախ դատողությունները` Հայաստանի ազգային անվտանգության միջոցների «դիվերսիֆիկացման» հնարավորությունների, Արևմուտքի կողմից Հայաստանին նորագույն զինտեխնիկայի տրամադրման, Իրանի և ԱՄՆ-ի մոտալուտ մերձեցման մասին, այնքան տպավորիչ էին, որ նույնիսկ Հեֆերնի նման լուրջ դիվանագետը կարող էր եզրակացնել. հայաստանյան քաղաքական ընտրանին առյուծի սիրտ է կերել և իսկապես պատրաստ է մեկընդմիշտ ձերբազատվել «մեծ եղբոր» ազդեցությունից: Չէ՞ որ այդ ընթացքում Սերժ Սարգսյանը և հանրապետականները խորհրդավոր լռում էին, ինչը կարելի էր ընկալել որպես իգորմուրադյանների հետ համաձայնության նշան: Խորհրդավոր լռում էին նաև ռուսաստանյան չինովնիկները, չմեկնաբանելով իրենց վերլուծաբանների, տարբեր տրամաչափի մոդեստկոլերովների «բայղուշությունները», որոնք գալիս էին ավելի համոզիչ դարձնելու Ռուսաստանից պոկվելու և Արևմուտքին ինտեգրվելու Հայաստանի իշխանությունների մտադրությունները:

Հանրապետականները միանգամայն անկեղծ են, երբ այսօր ասում են, որ իրենց առջև երբեք չեն դրել Ռուսաստանից հեռանալու և Արևմուտքի հետ ինտեգրվելու նպատակ: Եվրաինտեգրման հայ-հույը ընդամենը բուտաֆորիա էր, որի միջոցով ցեղակրոնության գաղափարախոսությունը շալակած ՀՀԿ-ն դարձավ ԵԺԿ անդամ և ԵԺԿ նախագահ պրն Մարտենսի հովանավորությամբ ապահովեց իր մենիշխանության վերարտադրությունը:

Եթե 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը շամպայնով շնորհավորեց իր կողմնակիցների «հաղթանակը» քվեարկությունից անմիջապես հետո, ապա Սերժ Սարգսյանն արժանացավ եվրոպական դեմոկրատիայի հենասյուներից մեկի` ԵԺԿ նախագահ Մարտենսի շնորհավորանքներին 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունիցգ երկուսուկես ամիս առաջ:

Կոմեդիան ավարտվեց սեպտեմբերի 3-ին: Դիմակազերծումը` նույնպես: «Արևմտամետների» և «ռուսամետների» միջև այս բեմականացված պայքարում կար ճշմարտության միայն մեկ հատիկ: Հայ վերլուծաբանները` բոլորն անխտիր` և՛ «արևմտամետները», և՛ «ռուսամետները», համակարծիք էին, որ մենք ամեն գնով պետք է խուսափենք Հայաստանն ու Արցախը Արևմուտքի և Ռուսաստանի միջև կռվախնձորի վերածելու պատուհասից: Այս մոտեցումը ընդհանրական էր և ապացուցում էր, որ մեր «արևմտամետները» և «ռուսամետները» իրականում հայամետ են: Ի տարբերություն իշխող վարչախմբի, որը ոչ արևտմամետ է, ոչ ռուսամետ, այլ միմիայն իշխանամետ և իշխանատենչ: Իշխանությանն ամեն գնով տիրապետելու մոլուցքը ստիպեց վարչախմբին սեփական ազգին նայել բոլոր սրբությունները դրժող անասնագողի աչքերով, որը գողության հետքերը կորցնելու համար պատրաստ է հոտը վաճառել ցանկացած մեկին:

Վարչախմբի իշխանատենչությունը կանգնեցրեց հայությանը լրջագույն մարտահրավերի առջև: Ամենավտանգավորն այն է, որ այս պատմության մեջ Արցախը ներկայացվեց որպես խոչընդոտ Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին, ինչը հղի է ծանր հետևանքներով: Պատահական չէ, որ հենց այս օրերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ նամակով դիմել է Ադրբեջանի նախագահին, հորդորելով ակտիվացնել արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղղությամբ ջանքերը:

Եթե մինչև հիմա ԱՄՆ-ն, ինչպես և Ռուսաստանը, կտրուկ քայլեր չի ձեռնարկել գոյություն ունեցող ստատուս քվոյի վերացման ուղղությամբ, ապա համոզվելով, որ Արցախը տարածաշրջանի ամբողջական եվրաինտեգրման ճանապարհին ծառացած կարևորագույն խոչընդոտն է, կարող է գայթակղվել հարցին ինքնանպատակ շուտափույտ լուծում տալու գաղափարով: Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և սահմանի բացման նպատակների ձախողումից հետո սա կարող է դիտվել որպես արցախյան հիմնահարցի չկարգավորվածության պատճառով արևմտյան ծրագրերի վիժեցման արդեն երկրորդ դեպք:

Քաղաքականության մեջ հզորներին` լինի դա Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը, գայթակղեցնելը չափազանց վտանգավոր է: Դա այն գինը չէ, որը կարելի է վճարել իշխանությունը պահելու դիմաց, եթե, իհարկե, վարչախումբը առաջնորդվում է ազգային գերակայություններով:

Հայաստանի իշխանությունները պարտավոր էին դեռ չորս տարի առաջ, վկայակոչելով երկրի ՀԱՊԿ-ի անդամ լինելու հանգամանքը, ձեռնպահ մնալ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրերի քննարկումից:

Համոզված եմ, որ այդ դիրքորոշումը ճիշտ կընկալվեր ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի կողմից: Այսօր Արևմուտքը իրեն համարում է խաբված, իսկ Ռուսաստանը` նվաստացած` մերձավոր դաշնակցին ճնշումների միջոցով իր ազդեցության դաշտում պահելու մեղադրանքներից: Էլ չեմ խոսում այն մասին, որ կրկնակի նվաստացած վիճակում հայտնվեց Հայաստանը…

Հմայակ Հովհաննիսյան
Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ

Տեսանյութեր

Լրահոս