Բաժիններ՝

«ՀՀ քաղաքացիներից ստացվող դիմումների գերակշիռ մասը, եթե ոչ բոլորը, Եվրոպայում մերժվում են». Գագիկ Եգանյան

«Փաստինֆո»-ն իր սեպտեմբերի 11-ի «Պանդխտության իրական դեմքը» հրապարակման մեջ անդրադարձել էր ՀՀ քաղաքացիների Եվրոպական երկրների իշխանություններից ապաստան հայցելու խնդրին` ներկայացնելով եվրոպական աղբյուրների հրապարակած վիճակագրական տվյալներն այն մասին, թե տարեկան շուրջ 6 000 դիմումից բավարարվում է միայն 95%-ի խնդրանքը: Մնացած մերժում ստացածներն ստիպված են լինում կամ վերադառնալ հայրենիք կամ բախտ որոնել արդեն այլ երկրների սահմաններում:

Միաժամանակ ներկայացրել էինք նաև արտասահմանյան աղբյուրների հաղորդած տեղեկությունները եվրոպական երկրների «փախստականների» ճամբարներում տիրող կիսաքրեականացված ու անարժանավայել վիճակը:

Իբրև թեմայի շարունակություն, «Փաստինֆո»-ի խնդրանքով խնդրի շուրջ արդեն հայաստանյան կողմի պաշտոնական տեսակետն է հայտնել  միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Պարոն Եգանյան,  Հայաստանում սոցիալտնտեսական վիճակի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ որոշում են կայացնում լքել հայրենիքն ու ապաստան հայցել կամ «հանձնվել» որևէ եվրոպական երկրի: Այս պարագայում ի՞նչ է անում Հայաստանը՝ իր քաղաքացիներին այդ քայլից հետ պահելու համար:

-Եթե որևէ անձ, ասենք, Արթիկից, կամ Երևանից, որոշում է գնալ, ասենք, Բելգիա, և այնտեղ փախստականի կարգավիճակ հայցել, ապա նա պետք է ներկայացնի իր՝ հալածված լինելու մասին տեղեկություններ’  քաղաքական համոզմունքների, իր ազգային պատկանելության, իր քաղաքացիության կամ սոցիալական խմբին պատկանելու հետևանքով: Հիմա ի՞նչ կարող է այստեղ ՀՀ պետական մարմինն անել:

Որպես կանոն շատերը չեն էլ իմանում, որ պետք է գնան իրենց երկրի մասին ոչ ճիշտ կամ ոչ բարենպաստ բաներ պատմեն, շատերը գիտեն, թե եթե հանձնվում են, պետությունները պարտավորվում են իրենց սահմանների դռները բացել և երկրի բարիքները տրամադրել իրենց: Իհարկե այդպես չէ, այլ սա ապաստանի խնդրանք է, ապաստանը տրամադրվում է, երբ որ կան այդ հալածանքները:

Կա՞ արդյոք հստակ վիճակագրություն, թե այդ կարգավիճակով Հայաստանից քանի՞ մարդ է հեռանում, կամ ճշտվո՞ւմ է արդյոք «հանձնվողների» թիվը այլ երկրի գործընկեր ծառայությունների հետ:

-Չէ, մեզ էլ են հանձնվում: Մեզ էլ հանձնվում են աֆրիկյան երկրների քաղաքացիներ, Պարսկաստանից, այդ տեղեկությունները կոնֆիդենցիալ են: Էմիգրացիոն իշխանության մարմինները նույնիսկ այդ հարցերում տվյալներ չեն փոխանցում:

Իսկ գուցե մեր երկրում լավ չի՞ լուսաբանվում փախստականների ժամանակավոր կացարաններում, ճամբարներում առկա իրական վիճակը: Չէ՞ որ եթե մարդիկ տեսնեն, թե ինչ է իրականում սպասվում իրենց օտար երկրում, գուցե հետ կանգնեն իրենց հայրենիքից հեռանալու մտադրությունից:

-Ճամբարները դա հարցի երկրորդական կողմն է: Մարդիկ պիտի հասկանան՝ որ դեպքում իրենց դիմումը կհարգվի, որ դեպքում իրենց ապաստան հայցելու խնդրանքը կբավարարվի, սա է կարևորը:

Սա պիտի բացատրվի, որովհետև մարդկանց մոտ թյուրըմբռնում կա: «Հանձնվել»  բառը իր մեջ որոշակի գրավչություն է պարունակում: Երբ հանձնվում են, ենթադրվում է, որ ինչ-որ մեկը, թե ով, չգիտենք, պետք է հոգ տանի իրենց մասին: Մարդիկ շատ դեպքերում այսպես են ընկալում: Այդ ընթացքում նրանք ճամբարում կպահվեն, թե՝ ոչ, դա այդքան էլ էական չէ: Նրանք մտածում են, որ եթե հանձնվում են, նրանց թույլ են տալիս օրինական բնակություն հաստատել այդ երկրում, թեկուզ վատ պայմաններում և աշխատել, ինչը բացարձակապես այդպես չէ, սա հանձնվել չէ, սա այդ երկրին դիմում ներկայացնել է, որ, իբր, դու հալածվում ես քո երկրում, իսկ հալածանքի պատճառներն էլ միջազգային ստանդարտ կա, եթե հարևանդ քեզ հալածում է դրա համար քեզ ապաստան չեն տրամադրի, եթե դու տնտեսական պատճառներով վատ ես ապրում, քեզ դրա համար ապաստան չեն տրամադրի, այլ ունենք միջազգայնորեն սահմանված լրջագուն պատճառներ: Իսկ այդ պատճառները Հայայստանում կան, թե չկան, եվրոպական բոլոր երկրները հիանալի տեղեկություններ ունեն: Այդ է պատճառը, որ ՀՀ քաղաքացիներից ստացվող դիմումների գերակշիռ մասը, եթե ոչ բոլորը, մերժվում են: Այ սա պիտի տեղեկացվի, որ մարդիկ իրենց տուն-տեղը չվաճառեն և կասկածելի ինֆորմացիայի հանգամանքով ճանապարհ չընկնեն: Պետք է իմանան, որ 2-3 տարի հետո իրենց դարձյալ վերադարձ է սպասվում անպայման, և որ Հայաստան գալով՝ իրենք ավելի վատ վիճակում իրենց կհայտնաբերեն:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս