ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ԼՂ խնդրի բանակցային կարգավորմանը հասնելու նպատակով. Ուորլիք
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, նշելով, որ ղարաբաղյան բանակցություններում «փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են» և կոչ անելով Հայաստանի ղեկավարին նորովի ջանքեր գործադրել խաղաղություն հաստատելու համար:
Միացյալ Նահանգների ղեկավարի ուղերձն իր հետ Երևան բերեց ԵԱՀԿ Մինսկի խմբում նորանշանակ ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը:
Մինչ Երևան գալը՝ սեպտեմբերի 9-ին, ժամանելով Բաքու, նա բանակցություններ էր ունեցել Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ՝ Ալիև-կրտսերին փոխանցելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:
azatutyun.am –ի փոխանցմամբ` երևանյան այսօրվա ասուլիսում Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե ինքը տարածաշրջան է եկել «լսելու և սովորելու նպատակով»․ – «Սա իմ առաջին այցն է Հայաստան և փորձում եմ հնարավորինս լավ ծանոթանալ երկրին: ԵԱՀԿ Մինսկի խմբում ստանձնելով ամերիկացի համանախագահի պաշտոնը՝ այստեղ եմ՝ լսելու և սովորելու նպատակով: Շուրջ քսան տարի է անցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումից հետո: Տարածաշրջանի ժողովուրդները թանկ գին են վճարել և նրանք արժանի են հակամարտության տևական լուծման, որը խաղաղություն և բարեկեցություն կբերի: Այս կարգի լուծումը, ինչպես տեսել ենք բանակցային երկար տարիների ընթացքում, հեշտ չէ և այն չի կարող կյանքի կոչվել, եթե առաջնորդների մոտ բացակայում է քաղաքական կամքը, եթե բոլոր կողմերից չլինեն փոխզիջումներ, և եթե ժողովուրդների մոտ չլինի այն գիտակցումը, որ կարգավորումը բխում է ապագա սերունդների շահերից: Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը հավասարապես կարևոր են, և մեզ համար շարունակում են ուղղորդիչ նշանակություն ունենալ կարգավորման համար»:
Իր խոսքում ամերիկացի նոր համանախագահը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Սա ուշագրավ է այն պատճառով, որ ղարաբաղյան կարգավորմանը միտված՝ Ռուսաստանի նախկին նախագահ, իսկ ներկայումս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտնի նախաձեռնության շրջանում հնչում էին բավականին հիմնավորված կարծիքներ, թե Մոսկվան փորձում է միայնակ, հաշվի առնելով միայն սեփական շահերը, լուծել ղարաբաղյան խնդիրը, ուստի ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս քայլեր է ձեռնարկում: Մեդվեևի նախաձեռնությունը, ինչպես հայտնի է, տապալվեց:
Ուորլիքը, մասնավորապես, ասել է․ – «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աշխատել Ռուսաստանի, Ֆրանսիայի, միջազգային հանրության հետ՝ հակամարտության տևական կարգավորում ապահովելու համար: Սպասում եմ իմ գործընկերների՝ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի ու ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի հետ աշխատանքին: ԵԱՀԿ-ն հանդիսանում է կարևորագույն գործընկեր այս կարգավորման ճանապարհին, և ցանկանում եմ ընդգծել դեսպան Անջեյ Կասպշիկի կողմից իրականացված աշխատանքը՝ խաղաղության ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրության կենտրոնում հիմնական խնդիրը եղել է կուռ, տևական լուծում գտնելը»:
«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե տևական ժամանակ է, ինչ միջազգային հանրությունը միջնորդական ջանքեր է գործադրում, սակայն հակամարտության կարգավորման առումով տեղաշարժ չկա, ուստի ի՞նչ նոր ջանքեր են պատրաստվում գործադրել Վաշինգտոնում կարգավորման ուղղությամբ, դեսպանը Ուորլիքը նախ կրկնել է, թե «այստեղ է լսելու և սովորելու նպատակով», հետո հավելեց․ – «Նոր առաջարկներ ինձ հետ չեմ բերել այս անգամ: Միացյալ Նահանգները, սակայն, պատրաստ է շարունակել աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ խնդրի բանակցային կարգավորմանը հասնելու նպատակով»: