
Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցել է ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի թեկնածությունը

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԿԸՀ-ն այսօր գրանցել է ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի թեկնածությունը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ԿԸՀ-ը վավեր է ճանաչել Հասանլիի ներկայացրած 44.495 ստորագրությունից 40.291-ը: Այս մասին հայտնել է ԿԸՀ-ի մամլո ծառայությունը:
Ադրբեջանում նախընտրական քարոզչությունը մեկնարկում է սեպտեմբերի 16-ին և ավարտվելու է քվեարկությունից 24 ժամ առաջ՝ հոկտեմբերի 8-ին ժամը 08.00-ին: Ընդհանուր առմամբ, ցայժմ հաստատվել է 21 թեկնածություն, որից երեքը սեփական ցանկությամբ հրաժարվել են հետագա պայքարից, իսկ Արասթուն Օրուջլուին չի հաջողվել հավաքել 40.000 ստորագրություն, ինչի համար էլ նրա համար ավարտվել է ընտրական մարաթոնը:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013 թվականի հոկտեմբերի 9-ին: