«Ինձ Սովետ չես տանի, պուտինյան Ռուսաստանն էլ վանում է նույնքան»

Հարցազրույց ՀՀ լուսավորության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

– Պարոն Բլեյան, Դուք արդեն ծանոթ եք Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 3-ի մոսկովյան համատեղ հայտարարությանը, որում Սերժ Սարգսյանը հայտնեց «Մաքսային միություն մտնելու, իսկ հետագայում Եվրասիական ինտեգրման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու Հայաստանի որոշման մասին»: Ի՞նչ կարծիք ունեք այս կապակցությամբ:

– Մենք չենք նախաձեռնել Մաքսային միությունը: Առավել ևս սա ընտրություն չէ վատի և վատթարի միջև, ինչպես ներկայացվում է: Ուկրաինա չենք, որ քաշ հաղորդենք Եվրասիական միությանը: Որևէ պատճառաբանությամբ շտապել չի կարելի: Մաքսային միության տնտեսական հիմնավորումները տնտեսագիտական լեզվով, բայց մարդուն հասկանալի պիտի ներկայացվեն` շեշտադրելով միության բերած սահմանափակումներն ու առավելությունները, եթե դրանք կան: Ինչպես նաև հրապարակենք Եվրոպական ասոցացման համաձայնագիրը, օգնենք, որ շարքային մարդն անհատական վերաբերմունք ունենա:

Իմ քաղաքական իդեալիզմն ու երևակայությունը տեսել են չեզոք Հայաստան` Շվեյցարիայի տիպի: Ավաղ: Ես ոգևորվել եմ 1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակված անկախ պետականությամբ` գլխավոր գործիչ տեսնելով ինքնորոշվող հայաստանցուն, գլխավոր նպատակ` Հայաստանում ապրող մարդը, նրա ազատ-արժանապատիվ-բարեկեցիկ կյանքը:

Կարդացեք նաև

– Քաղաքական մի շարք գործիչներ գտնում են, թե Ռուսաստանի կողմից գործադրվել է ուժի կիրառման սպառնալիք: Դուք նույնպե՞ս կարծում եք, որ սա ռուսական ճնշման արդյունք էր:

– 1991թ. սեպտեմբերին հաջորդած անկախական ոգևորությունը պետականաստեղծ աշխատանք չդարձավ: Շատ արագ ներքաշվեցինք հայ-ադրբեջանական պատերազմի մեջ, անցանք 1992-1994թթ. սոդոմ-գոմորով, փառք Տիրոջը, ողջ մնացինք: 1994թ. մայիսի 12-ի զինադադարով արձանագրվեց նոր իրավիճակ-ստատուս: Շատ արագ մեր բոլորիս վարքը սկսեց թելադրել, Հայաստանն ու Արցախը կառավարել ստատուս քվոն, որտեղ մարդը, եթե խանգարում է` զոհվում- հեռանում-չի ապրում: Սրա հոմանիշը Եվրասիական ինտեգրացման ուղղությամբ քայլելն է: Ուրեմն սա քայլ է` թելադրված ստատուս քվոյի պաշտպանությամբ, այս առումով` լրիվ սպասելի, հերթական քայլ: Եվրասիական միություն նախաձեռնած Ռուսաստանըч որպես ցարական Ռուսաստան-բոլշևիկյան Ռուսաստան-Նոր Ռուսաստանի իրավահաջորդ, ուրիշ ի՞նչ գործիք ուներ, ունի. ճնշելն է… Սապոգը որ չես հանում, ինչի՞ համար է, եթե ոչ ցեխի մեջ ապրելու, ապրել տալու, ճզմելու:

– Սերժ Սարգսյանի հայտարարության մասին Եվրոպայից հնչեցին ոչ միանշանակ արձագանքներ. օրինակ` Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ կսպասի հայկական կողմի բացատրություններին, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն էլ հայտարարել է, որ «դատապարտում է Ռուսաստանի կողմից կիրառված ճնշումը և ափսոսանք է ապրում այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ»: Ըստ Ձեզ` անդամակցությունը Մաքսային միությանը կխոչընդոտի՞ եվրոպական ինտեգրման, մասնավորապես` Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը:

– Եվրոպան էլ է սպառնում… Ты меня коммунизмом не пугай. Я блокаду пережил. Ստատուս քվոն Հայաստանում անհնար կլիներ պահպանել այսքան ժամանակ` առանց Եվրոպայի մասնակցության: Եվրոպան ուրիշ ի՞նչ նպատակ է առաջարկում-տեսնում Հայաստանի համար, քան ստատուս քվոյի Հայաստանը: Մենք պարզ ժողովուրդ ենք. թող Եվրոպան մեզ հասկանալի արտահայտվի: Եվրոպական ինտեգրման ձևական մոտեցումը Հայաստան-Եվրոպա համաձայնությամբ կպահպանվի. ի՞նչ է եղել որ… համաձայնագիր է, մի հատ ավելին չի խանգարի:

– Կա տեսակետ, որ, այսպես ասած, «և’-և’»-ի կամ կոմպլեմենտարիզմի քաղաքականությունն այսօր էլ կարելի է իրականացնել: Համամի՞տ եք:

– Հա, 4 մլն չենք, լավ, 3 մլն էլ չենք, և վերջին մարդահամարով… բայց 2,5 մլն այսօր հաստատ կանք, չէ՞… Ահա քեզ կոմպլեմենտարիզմի քաղաքականության (սա ևս ստատուս քվոյի հոմանիշ է) ռեսուրսները: Սպառվող, իհարկե, բայց առկա:

– Եվրասիական միության նախագիծը բավական հաճախ ասոցացվում է նախկին ԽՍՀՄ-ի հետ, քանի որ ներկայիս Ռուսաստանում իշխում է ավտորիտար ռեժիմը, իսկ ռուսական պետական մեքենան բոլոր հնարավոր ձևերով քարոզում է խորհրդային արժեքները: Վերադարձ դեպի նոր ՙԽորհրդային Միություն՚ հնարավոր համարո՞ւմ եք:

– Ռուսական մեծապետականությունը` ցարական Ռուսաստանից սկսած, Սովետով շարունակած, մինչև ահա Եվրասիական միություն, փաստ է, հաղթահարված չէ: Նոր Ռուսաստանը ուժ չունեցավ միայնակ հաղթահարելու: Մենք` նրա հետխորհրդային շրջապատը, այդքան խիզախություն չունեցանք կապերը կտրելու… Հայաստանի Հանրապետությունն ավելի հեռու գնաց` մեր նորանկախ պետության հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները ի պահ հանձնելով Ռուսաստանի Դաշնությանը: Իսկ Ադրբեջանի հետ պատերազմը առանց ռուսական զենքի և ռազմակայանների, առանց հակաօդային պաշտպանության, որը այլ անունով փաստացի հանձնված է Ռուսաստանին, անհնար էր: Սրանից դեպի Մաքսային միություն քանի՞ քայլով հասանք:

Հայ-ադրբեջանական, ռուս-վրաց-աբխազական հակամարտությունների պահպանումն ու խորացումը հենց սրան էին ուղղված` ռուսական մեծապետականության ներկայությունը Անդրկովկասում: Մենք թերագնահատեցինք ադրբեջանցիների հետ նոր հակամարտությունը և Թուրքիայի հետ պատմական հակամարտությունը չհաղթահարելու ազդեցությունը… Իսկ Եվրոպան իր Միությունով, շատ զգույշ եղավ` դավաճանելու աստիճան, և Անդրկովկասում սկսեցին գործել երկակի ստանդարտներ: Թվում էր` եթե Եվրոպան հաստատակամ լիներ ու հեռատես, Վրաստանը 2008-ին պիտի ՆԱՏՕ-ի անդամ դառնար, Եվրամիության անդամության թեկնածու, որով կկանխվեր ռուսական սապոգների ցուցադրական շքերթը Գորիից մինչև Թբիլիսի, 2008-ին չէր գնդակոծվի Գորիի բնակչությունը, ինչպես 1990-ականներին Չեչնիայի Գրոզնիում: Բոլորիս աչքի առաջ, բոլորիս թողտվությամբ. մեր ոՐՈՑ-ներն են, նրանց կարելի է:

– Իսկ Ձեր կարծիքով` Մաքսային միության անդամակցությունը կարո՞ղ է ազդել Հայաստանում քաղաքացիական ակտիվության վրա:

– Ես Սովետում ապրել եմ, մենք մեր տաղանդը սպառեցինք կամ կեղծ-իներցիոն կյանքով ապրում ենք պոստ-սովետիկումում: Ազատ-անկախ-ստեղծագործ` ասել է թե` հաշտ Հայաստան, հաշտ` իր անցյալի, իր հարևանների, անհաշտ` անապագա ներկայի հետ: Ինչու չի եղել, ինչու չեղավ` այլ առիթով, եթե ամեն ինչ չի ասված: Ինձ Սովետ չես տանի, պուտինյան Ռուսաստանը վանում է նույնքան. ահա ինչու` սկսենք, եղբայրք, մեր գործը նորեն սկսենք: Սրանից լավ մեկնա՞րկ. մեկնարկը տրված է:

– Այս համատեքստում կա մի հարց, որն անմիջականորեն կապված է այսօրվա Ձեր զբաղմունքի` կրթության ոլորտի հետ: Վլ. Պուտինը վերոնշյալ հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսին ասաց, որ Երևանում կարող են բացվել Մոսկվայի Պետական համալսարանի մասնաճյուղ և ռուսական գիմնազիա: Ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ է սա հետապնդում:

– Բարձրագույն կրթությունը մեզանում երկու խնդիր է լուծում` իր գովազդվող ավագ դպրոցներով նախապատրաստում է հարյուրավոր երիտասարդների արտագաղթը: Հազարավոր երիտասարդների կտրում է իրական քաղաքացիական կյանքից` զորացնելով պուտինյան Ռուսաստանի հենարանը մեզանում, հաստատուն դարձնելով ստատուս քվոն, որն իրական պատվիրատուն է և’ հանրակրթության, և’ մասնագիտական կրթության: Լեզվի մասին օրենքն էր խանգարում, հիմա չի խանգարում… Ավա~ղ… Մեր վերաբերմունքը մեր լեզվի նկատմամբ… չկա ավելի քստմնելի բան, քան սա. մենք մեր պարտքը մեր լեզվի նկատմամբ բաց ենք թողել. հայոց լեզվիª որ իրական Հայաստանն է, հոգևոր Հայաստանը:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս