Սահակյանը` զինդատախազին կաշառք վերցնելու մեջ մեղադրողին. Արա դու էնտե՞ղ ես եղել, իր գրպանում, իր մատների խաղալիքն ես եղել, որ մատներով խաղացել, է, դու էլ լսել ես
Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի գործն արդեն հանգուցալուծվել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը։
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ գործի նախաքննությունը շարունակվում է, քանի որ կա մեկ մեղադրյալ՝ Արտակ Բուդաղյանը, որի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել։ «Թե ինչ հանգուցալուծում կունենա այդ գործընթացը, ես չեմ ուզում գուշակել, որովհետեւ մի անգամ փորձեցի իմ կարծիքը հայտնել, անվանեցին դա ցինիզմ, ավելի լավ է չխոսեմ, որովհետեւ ինչ ասես, կարող են քեզ հակադարձել, ինչ ձեւով ցանկանան։
Որպես մարդ՝ ես գտնում եմ, որ եղբայրը մահացել է, ընտանիքի մյուս անդամին դատապարտելը սխալ կլինի։ Որպես իրավաբան, որը ծանոթ է գործի նյութերին, պետք է ասեմ, որ իր մեծ մեղքը կա եղբոր մահվան մեջ։ Եղբայրն իրեն ասում էր՝ մի արա: Արտակն իր ցուցմունքում այդ մասին գրել էր, ասում է՝ եղբայրս ինձ ասում էր. «Արտակ, մի արա, ամեն ինչ նորմալ է», ես իրեն ասում էի. «Սա՞ է նորմալը», որովհետեւ դիմացիները՝ Խաչատրյանները, իրենց լավ չէին պահում»: Նա պաշտպանվում է, եղբայրը մահացել է իր պատճառով, ինչո՞ւ վերցրեցիր զենքդ եւ գնացիր»,- ասել է Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ որեւէ նշանակություն չունի, որ Արտակ Բուդաղյանի զենքում փամփուշտ չի եղել, իր եղբայրը փորձում է խլել ձեռքից զենքը, ինչը վկայում է այն մասին, որ Ավետիք Բուդաղյանը վախենում է, որ եղբայրը կկրակի։
Այս գործով հաջողության հասնելու գրավականը, փաստաբանի փոխանցմամբ, սկզբունքային, հետեւողական եւ տակտիկական պայքարն է։ «Ես հնարավորինս լռում էի, թույլ էի տալիս, որպեսզի հնարավորինս Հայկ Ալումյանը մաղձը թափի։ Իմ վստահորդը ասում էր՝ խոսա, խոսա, ես էլ ասում էի՝ ինչի խոսամ, թող սպառի իրեն»,- նշեց նա:
Մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե զինդատախազ Գեւորգ Կոստանյանին Սուրեն Խաչատրյանը չորս միլիոն դոլար կաշառք է տվել, փաստաբանն այսպես արձագանքել է. «Այդ գրողը ուղեղ ունի՞, թե՞ անուղեղ է: Արա դու էնտե՞ղ ես եղել, իր գրպանում, իր մատների խաղալիքն ես եղել, որ մատներով խաղացել, է, դու էլ լսել ես»։
Փաստաբանը չի զղջում, որ վերցրել է Խաչատրյանների պաշտպանությունը։ Նրա գնահատմամբ՝ սա պրիմիտիվ գործ էր, առկա էր ժապավեն եւ ձայնագրություն, բայց տաժանակիր աշխատանք էր, որպեսզի կարողանաս դիմակայես այս վայրահաչումներին։ Ռուբեն Սահակյանի փոխանցմամբ՝ եթե նույնիսկ ինքը Բուդաղյաններին պաշտպաներ, նրանք չէին հաղթի, քանի որ, իր իսկ խոսքով, տեսաժապավենը խախտում է։
Իսկ թե ինչպես ազդեց Խաչատրյանների պաշպանությունը նրա հեղինակության վրա, ինչ ռիսկերի դիմեց փաստաբանը, չէ՞ որ նրա հայտարարություններից հետո շատ քննադատություններ էին հնչում, Ռուբեն Սահակյանն ասել է. «Ես պատասխանեցի դրանցից մեկին՝ անվանելով լածիրակ, ասելով, որ ես պաշտպանել եմ զանազան մարդկանց։ Սահակյան Ռուբենն է գնացել Սումգայիթ՝ պաշտպանելու, 1988թ հոկտեմբերին, տասնչորս օրով, 54 ռուբլի գործուղում ստանալով…։ Սա առաջին գործը չի, որ ինձ քննադատել են, եթե այդպես լինի, ես գործ չպետք է վերցնեմ։ Ճիշտն ասած՝ չգիտեի, որ այդքան բան կա Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ, ուղղակի հասարակությունն այսօր շատ վրդովված է ամեն ինչից, հետեւաբար պարտադիր չէր, որ Սուրիկ Խաչատրյանը լիներ, ինչ-որ ոչ միանշանակ ընկալվող մեկը լիներ, նույնը կլիներ։ Բայց երբ որ ինչ-որ մեկն ինձ ասում է, որ դու 40 արծաթի համար գնացել ես այդ բանին, ես թքած ունեմ նրա վրա: Նա ո՞վ է, որ ինձ գնահատի, քառասուն չի արծաթը, երեսուն է, եթե արծաթի մասին է խոսքը։ Մի բան իմացեք, մենք ունենք ավելի վայրագ հանցագործություններ»։
Մանրամասն կարող եք կարդալ սկզբանղբյուր կայքում: