
Օբաման կարող է 1.5 ամսով հետաձգել Սիրիային հարվածելը՝ կապված ռուսական նախաձեռնության հետ

Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը պատրաստվում է նախագահ Բարաք Օբամային առաջարկել Սիրիային հարված հասցնելը հետաձգել 45 օրով, որպեսզի իրագործվելու հնարավորություն ընձեռվի Մոսկվայի նախաձեռնությունը՝ կապված քիմիական զենքը միջազգային վերահսկողության ներքո հանձնելը:
Դիվանագիտական ջանքերի արդյունքներին սպասելու մասին Օբաման հայտարարել էր ազգին հղած հեռուստաուղերձի ժամանակ: Коммерсант-ի աղբյուրները հայտնել են, որ Սպիտակ տան ղեկավարի ելույթը գրողները ստիպված են եղել Օբամայի եթեր դուրս գալուց բառացիորեն ժամեր առաջ փոխել նրա ելույթի բովանդակությունը:
Աղբյուրների պնդմամբ՝ Օբաման նախևառաջ պետք է իր համաքաղաքացիներին բացատրեր, թե ինչու է անհրաժեշտ ԱՄՆ ռազմական միջամտությունը Սիրիայում: Սակայն արդյունքում, ինչպես հայտնի է, Օբաման խոստացավ ուսումնասիրել ռուսական նախաձեռնությունը և շարունակել տվյալ թեմայի շուրջ խորհրդակցությունները Մոսկվայի հետ:
Օբաման նաև Կոնգրեսին խնդրել էր հետաձգել սիրիական բանաձևի շուրջ քվեարկությունը: Գրեթե երկօրյա խորհրդակցություններից հետո Սենատում որոշել են նախագահին խնդրել ուժային գործողությունը հետաձգել 1.5 ամսից ոչ ավելի ժամկետով:
Միևնույն ժամանակահատվածում Կոնգրեսը պետք է քվեարկի այն բանաձևի օգտին, որը նախագահին իրավունք կտա ուժ կիրառել Սիրիայի դեմ՝ առանց օրենսդիրների հետ հավելյալ խորհրդակցություններ անցկացնելու: Եթե այդ ընթացքում Դամասկոսի կողմից չլինեն դրական քայլեր, ապա Օբաման կարող է հրամայել հրթիռա-ռմբային հարվածներ հասցնել Սիրիային: