
Բաղդադի մզկիթներից մեկի մոտ երկու պայթյուն է գրանցվել. կա 33 զոհ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 11-ին Բաղդադի շիական մզկիթում գրանցվել է երկու պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ: Վիրավորվել է 55 մարդ: Այս մասին հայտարարել է Բաղդադի ոստիկանությունը:
Հարձակումն իրականացվել է երեկոյան, երբ հավատացյալների խումբը երեկոյան աղոթքից հետո դուրս գալիս է եղել մզկիթից: Ականատեսների վկայությամբ՝ նախ պայթեցվել է մզկիթի մոտ կայանված մի ավտոմեքենա: Այն բանից հետո, ինչ մարդիկ հավաքվել են այդ ավտոմեքենայի շուրջ, մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է ամբոխի մեջ:
Դրանից անմիջապես անց ոստիկանությունը ձերբակալել է մեկին, ով, նրա պնդմամբ, պատրաստվում էր պայթեցնել իրեն: Սակայն զայրացած ամբոխին հաջողվել է ոստիկանության ձեռքից խլել այդ մարդուն և հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Սեպտեմբերի 11-ին Իրաքի տարածքում գրանցվել են նաև այլ ահաբեկչություններ, որոնց հետևանքով զոհվել է ևս 9 մարդ: 2013 թվականի սկսվելուց հետո Իրաքում զոհվել է առնվազն 3900 մարդ: