Դաշտադեմ գյուղի գյուղապետի տան մի սենյակը ծառայում է որպես գյուղապետարան
Լոռու մարզի Դաշտադեմ համայնքն այն գյուղերից է, որտեղ բնակչության թիվը չի անցնում 150-ը: Մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Դաշտադեմի բնակչության թիվը 129-ն է: Համայնքում խնդիրներ շատ կան: Տաշիրի տարածաշրջանի հեռավոր այս գյուղը գազաֆիկացված չէ, ճանապարհները գտնվում են անբարեկարգ վիճակում, ինչի պատճառով բերքահավաքի այս շրջանում գյուղացիները փաստի առջև են կանգնել՝ Վանաձորից և շրջկենտրոն Տաշիրից առևտրականները չեն համարձակվում գնալ գյուղ՝ քարուքանդ եղած ճանապահների պատճառով:
Պարզվում է՝ գյուղը չունի անգամ գյուղապետարան, և որպես գյուղապետարան ծառայում է գյուղապետի բնակարանի մի սենյակը:
Անբարեկարգ ճանապարհների պատճառով լուրջ խնդիրներ են առաջանում նաև այն ժամանակ, երբ գյուղում մարդիկ շտապօգնության կարիք են ունենում: Շտապօգնության բրիգադը հասնում է գյուղ այն ժամանակ, երբ, ասենք, բնակիչներն իրենց մեքենաներով արդեն իսկ տեղափոխել են հիվանդին, կամ էլ՝ արդեն ուշ է լինում:
Համայնքի բնակիչները կարևորվում են դպրոցի հիմնանորոգումը, գազաֆիկացումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Այս խնդիրների հետ կապված՝ Դաշտադեմի բնակիչներն օրերս բողոքի ցույց են իրականացրել, փորձել են սեփական ուժերով քար ու ավազ կրել ու փողոցները քիչ թե շատ կարգի բերել:
168.am-ը փորձեց կապ հաստատել Դաշտադեմ համայնքի ղեկավար Մարինե Խռոյանի հետ՝ հասկանալու համար, թե վերջին անգամ գյուղում ի՞նչ ծրագրեր են իրականացվել կամ՝ իրականացվե՞լ են արդյոք, թե՞ ոչ, սակայն գյուղապետը՝ լսելով, որ իրեն լրագրող է զանգահարում, ասաց, որ շատ զբաղված է. «Ես հիմա շատ խառն եմ»,- ասաց նա: Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի խոսել, նա պատասխանեց. «Չգիտեմ, համենայնդեպս, հիմա խառն եմ ու երևի էսօր ողջ օրն էլ զբաղված լինեմ… էսօր չզանգեք»: