Տավուշի մարզում գործազուրկ է ընդամենը 4032 մա՞րդ…
Տավուշի մարզպետասրանի պաշտոնական կայքէջում տեղեկատվություն է հրապարակվել մարզի գործազուրկների և աշխատանք փնտրողների վերաբերյալ: ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկացմամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական գործակալության»՝ Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածքային կենտրոնների կողմից ներկայացված տեղեկատվության, 2013թ. օգոստոս ամսվա դրությամբ մարզում հաշվառված է 4032 գործազուրկ, որից Իջևանում՝ 1048, Դիլիջանում՝ 2110, Բերդում՝ 438, Նոյեմբերյանում՝ 436:
Համաձայն նույն կենտրոնների տվյալների, որպես աշխատանք փնտրող մարզում հաշվառված է 4493 մարդ, որից Իջևանում՝ 1219, Դիլիջանում՝ 2254, Բերդում՝ 499, Նոյեմբերյանում՝ 521: Մարզի զբաղվածության կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրող անձանցից օգոստոս ամսվա դրությամբ 294-ը տեղավորվել է աշխատանքի:
Ստացվում է՝ սահմանամերձ և աղքատության բարձր ցուցանիշ ունեցող այս մարզում ընդամենը գրանցված է 4032 գործազուրկ, մինչդեռ համայնքներ մեր այցելությունները, բնակիչների և համայնքապետերի հետ մեր զրույցները փաստում են, որ աշխատատեղերի բացակայությունը մարզում առաջնահերթ խնդիրներից է, եթե ոչ՝ առաջինը: Ու եթե համեմատենք աշխատանք փնտրողների և աշխատանքի տեղավորվածների վիճակագրությունը, ապա զարմանալի չէ, թե ինչո՞ւ է գրանցված գործազուրկների և աշխատանք փնտրողների թիվն այսքան փոքր: Հիշեցնենք, որ նույն այդ աղբյուրի փոխանցմամբ՝ մարզում աշխատանք է փնտրում 4493 քաղաքացի, իսկ աշխատանքի է տեղավորվել ընդամենը 294-ը: