
Արմեն Ռուստամյան. Իմ հարցը, թե Մաքսային միության մեջ մտնելո՞ւ է նաև Ղարաբաղը՝ որպես միավոր, մնաց օդի մեջ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած փակ քննարկումից հետո լԼրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատամյանը հայտարարեց, թե ըստ էության, իրենք չեն ստացել իրենց հարցերի պատասխանները: Նա պատմեց, որ նախարարին դիտարկում է արել. «Ես ասացի, որ ճիշտ կլինի, որ մենք արձանագրենք, որ հստակեցում ենք մտցրել արտաքին քաղաքականության, վերկտորը դարձել է ավելի հստակ, ինչը նշանակում է, որ մենք միանում ենք Եվրասիական միությանը: Եթե այսպես է, ապա խնդիրներ են առաջանում: Առաջին խնդիրն այն է, թե որտե՞ղ է մնալու Ղարաբաղը: Երկրորդ՝ ունենք ստանձնած բազմաթիվ պարտավորություններ, որոնք նոր գործընթացի տրամաբանության մեջ մտնելու պարագայում ի՞նչ են լինելու: Երրորդ խնդիրն էլ այն է, թե կնքելով ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որը ներդաշնկեցում է նշանակում, մասնակի՞ ենք ասոցացվելու: Արդյոք ոչ ամբողջական իմաստով ասոցացումը հետագայում վերանայելու առիթ չի՞ տալու, եթե մենք Եվրասիական միությանը որպես քաղաքական կառույցի անդամակցում ենք:
Ես բնականաբար լիարժեք պատասխան այս հարցերին չստացա»: Միակ «սփոփիչ» պատասխանը Արմեն Ռուստամյանի համար եղել է նախարարի այն համոզմունքը, որ Մաքսային միության անդամագրությամբ Ղարաբաղը չի տուժի: «Իմ հարցը, թե Մաքսային միության մեջ մտնելո՞ւ է նաև Ղարաբաղը՝ որպես միավոր, մնաց օդի մեջ: Վեկտորի մասին նախարարը նորից փորձեց ասել, թե դրա մասին իրենք վաղուց ասել են, բայց սեպտեմբերի երեքից առաջ նման տրամաբանությամբ հայտարություններ չեն արվել, եթե արված լինեին, ինչ՞ մասին ենք խոսում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Եվրասիական միություն ասելով Է. Նալբանդյանը հորդորել է հասկանալ տնտեսական համագործակցությունը: «Այս խնդիրները վաղն էլ, մյուս օրն էլ մեզ հուզելու են ու մենք պետք է պատասխաններն ունենանք: Մենք հանգել ենք մի վիճակի, երբ պատասխանները արդեկվատ չեն»,- շեշտեց նա: