«Ամեն զանգի հետ ես խաբարի եմ սպասում». ընտանիքը Հակոբին լուսանկար է ուղարկելու
Սահմանին մոլորված և Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները անհանգիստ են, այն օրից, երբ իրենց են փոխանցել Հակոբից հասցեագրված երկրորդ երկտողը, նրանք այլևս նորություն չունեն: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Հակոբի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը ասել է, որ Կարմիր Խաչի գրասենյակից տեղեկացրել են Հակոբի հարազատներին, որ չորս շաբաթը մեկ անգամ հանդիպելու են նրա հետ և կարող են նամակ ու անգամ լուսանկարներ փոխանցել. «Հիմա հաջորդ ամիս պատրաստվում ենք մեր լուսանկարը ուղարկել, անցած անգամ էլ մենք էինք նամակ գրել, իրանից էլ ստացանք, արդեն բոլորդ գիտեք, ինքը գրում է, որ լավ է, բայց նորից նամակի մեջ խորթություն կա: Նա գրում է. «Սիրելի հարազատներ», չի գրում «ոնց եք մամա, պապա», ու մենք չգիտենք էլ ինչ մտածենք, դե երևի մենակ չէ: Մեզ էլ զգուշացրել են, որ բացի անձնականից որևէ բան չգրենք նամակում, ինքն էլ մի երկու տող բան է գրում»:
Տիկին Գայանեն ասել է նաև, որ Կարմիր Խաչի գրասենյակից ոչինչ չեն ասում, բացի նրանից, որ աշխատում են Հակոբին վերադարձնելու ուղղությամբ. «Մեզ ասացին, որ աշխատում են, ամեն ինչ անում են, որ լավ լինի: Ամեն զանգի հետ ես խաբարի եմ սպասում, ամեն քնելուց նույն երազն եմ տեսնում, ամեն բացվող դռան հետ ես Հակոբիս եմ սպասում ու վստահ եմ, որ նա կգա ու ես կտեսնեմ նրա վերադարձը…»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: