
ԱԺ ամենաշատ բացակայող պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է

news.am-ը, վկայակոչելով parliamentmonitoring.am-ին, հաղորդում է, որ ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանի 3-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: parliamentmonitoring.am-ը ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանի հերթական նստաշրջանի մեկնարկից առաջ ամփոփել է գարնանային նստաշրջանը:
Ըստ կայքի` ամենաակտիվ պատգամավորը ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն է, ամենաշատը դեմ քվեարկել է ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը, ամենաշատը կողմ քվեարկած 10 պատգամավորներից 9-ը հանրապետականներ են, կայքի «Պատգամավորներ» բաժնի ամենաշատ այցելված էջը ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանինն է:
Խմբակցություններից ամենաշատ «կողմ» քվեարկածը «Օրինաց երկիրն» է` 89.02%. ՀՀԿ-ի «կողմ» քվեարկությունները կազմում են խմբակցության բոլոր քվեարկությունների 86%-ը: Ամենաշատ ձեռնպահ քվեարկած խմբակցությունը ՀՅԴ-ն է` 41%, ամենաշատ «դեմ»-ը՝ ՀԱԿ-ը` 21.21%: