«Սպեկուլյացիաների են ենթարկում Մաքսային միության գործոնը՝ փորձելով այդ քաղաքականությունը վերագրել Արցախին»
Ինչպե՞ս են ՀՀ երկրորդ պետությունում՝ Արցախում, գնահատում ՀՀ-ի Մաքսային միության անդամակցելու որոշումը: Արդյո՞ք Ռուսաստանը համարվում է տարածաշրջանում խաղաղության և ԼՂՀ հարցի խաղաղ, հայանպաստ կարգավորման երաշխավոր, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ իսկ պատճառո՞վ է արդյոք, որ Մոսկվայում հնչեցրեց անսպասելի հայտարարություն՝ ՀՀ-ի Մաքսային միության անդամագրվելու վերաբերյալ:
ԳԱԼԱ-ն այս հարցերի վերաբերյալ զրուցել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո պատասխանատու Դավիթ Բաբայանի հետ, ով Արցախի նախագահի և իշխանությունների տեսակետը փոխանցեց՝ ասելով, որ ԼՂՀ-ն հարգում և նորմալ է գնահատում Սերժ Սարգսյանի որոշումը:
«Մենք շատ նորմալ ենք գնահատում Հայաստանի այդ որոշումը, գուցե դա նրանով է պայմանավորված, որ մեր անվտանգության համակարգն ավելի զգայուն է՝ հաշվի առնելով Ադրբեջանի առկայությունը, նրա չդադարող սպառնալիքները մի քիչ իրատեսական են, դրա համար զգացմունքային, լիրիկական շեղումներ չկան, լավ հաշվարկված որոշում է՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ»:
Դավիթ Բաբայանը քննադատել է նաև այն կարծիքները հայտնողներին, թե Սերժ Սարգսյանը Մաքսային միություն անդամագրվելու վերաբերյալ նման տեսակետ է հայտնել՝ առաջնորդվելով ԼՂՀ հիմնահարցով: Դավիթ Բաբայանն ասել է, որ նման հայտարարություններ անողները «սպեկուլյանտներ» են:
«Ամեն ինչ կապել Արցախի հետ և դրանով ՀՀ բնակչության թեկուզ մի փոքր մասը հակադրելով Արցախին, ես դա չեմ ընդունում: Որոշ մարդիկ սպեկուլյացիաների են ենթարկում Մաքսային միության գործոնը՝ ներկայացնելով այլ տեսակետներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, միաժամանակ փորձում են այդ քաղաքականությունը վերագրել Արցախին և հարված հասցնել հայոց պետականության հիմնասյուներից մեկին, որը Արցախն է, ես դա չեմ ընդունում: Իհարկե հաշվի են առնվել շատ գործոններ, բայց ասել, որ դա լրիվությամբ պայմանավորված էր Արցախով, դա ճիշտ չէ: Հետո երկրորդ՝ հո Ռուսաստանը ագրեսոր չէ՞, որ վաղը հարձակվի կամ հարձակում հրահրի, եթե Հայաստանը չանդամագրվեր: Դա անհնարին բան է»,- ասել է Բաբայանը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: