«Հայաստանում անհուսությունն այսօր վերածվել է զանգվածային փսիխոզի»

Քաղաքական գիտությունների թեկնածու, միջազգային զարգացման փորձագետ, մեր հայրենակից Արթուր Մարտիրոսյանը, շուրջ երեք տարի բնակվելով Նյու Յորքում, օրերս գտնվում էր Հայաստանում: Նա առաջիկայում փորձելու է Հայաստան-Սփյուռք համայնքային մի ծրագիր կյանքի կոչել, որի արդյունավետության վերաբերյալ նրա փաստարկները ներկայացրել ենք «168 Ժամի» մեր նախորդ հրապարակման մեջ: Հայաստան այցելության կարճ ժամանակահատվածում նա տեղում ծանոթանալով երկրում տիրող իրավիճակին, փորձեց իր դիտարկումներն անել մայրաքաղաքի տարբեր փողոցներում իրականացվող ակցիաների և ակտիվիստներ-ոստիկաններ բախումների վերաբերյալ: Նշենք նաև, որ Ա. Մարտիրոսյանը Նյու Յորքում մասնագիտական իր գիտելիքները, ինչպես նաև` փորձը զարգացնելուց հետո շուտով կվերադառնա Հայաստան` իր իմացությունը մեր երկրում իրացնելու և այստեղ բնակություն հաստատելու նպատակով:

– Նախկինում շատ երևույթներ բացատրում էինք տեղական առանձնահատկություններով, ինչպես օրինակ` օլիգարխիա և այլ հասկացությունները, բայց հիմա, երբ ծանոթանում ես այլ պետությունների փորձին, փորձում ես ավելի ընդհանրական հայացք նետել, դա նաև որոշակի հույս է տալիս` հասկանալու, որ մեր հիվանդությունը ներհայկական չէ, շատ սպեցիֆիկ չէ: Այսինքն` Հայաստանն իր կիսաավտորիտար ռեժիմով, բոլոր արատավոր երևույթներով անցնում է տիպիկ մի փուլով, որով անցել են շատ ավելի վատ պայմաններում գտնվող մի շարք պետություններ:

Իհարկե, մենք ունենք մեր երկու հիմնական խնդիրները` ղարաբաղյան հարցը և արտագաղթի խնդիրը, որոնք այս ամենի հետ մեկտեղ Հայաստանի վիճակը ծանրացնում են: Դրանք շատ այլ երկրներում չկան, և բոլորիս մոտ սա էլ իր հերթին անհուսության տարր է ավելացնում: Դա էլ է նորմալ, որովհետև մեզ մոտ այդ հարցերը կան, իսկ այլ երկրներում կան ավելի մեծ խնդիրներ, աֆրիկյան կամ լատինամերիկյան երկրներում եղել են էթնիկ տարաբաժանումներ, շատ կոնֆլիկտային իրավիճակներ: Մինչդեռ այսքան ուժեղ ազգային ինքնություն, որն առկա է հայերի մեջ, ես որևէ այլ ազգի մեջ չեմ տեսել և պետք է դրա վրա հենվել:

– Մխիթարվելու համար միշտ կգտնվեն զուգահեռներ…

Կարդացեք նաև

– Մյուս կողմից` Հայաստանում տեսնում եմ, որ շատ հարցերում իրավիճակը տեղում դոփում է, իսկ մենք նման ենք վերակենդանացման բաժնում գտնվող ծանր հիվանդի, որի կայունացումը նշանակում է ուղղակի շարունակվող աղքատություն և այլն: Անգլիացիները մի արտահայտություն ունեն` նորություն չկա, ուրեմն` լավ է, այսինքն` նրանց գործերն այնքան լավ են, որ լավ լուրի կարիք էլ չունեն: Իրենց պետք է, որ ամեն ինչ շարունակի լինել այնպես, ինչպես կա, և իրենք կլինեն երջանիկ: Մեր դեպքում պետք են նորություններ` դրական ու արագ նորություններ: Առկա իրավիճակի կայունացումը, որը նաև պայմանավորված է նրանով, որ առաջիկայում ընտրություններ չկան` շատերին մղում է արտագաղթի:

Այսինքն` շատերն այսպես են մտածում. բավական չէ նախագահը մնաց, վարչապետին թողեց նույնը, չթողեցին Երևանի ավագանիում ընդդիմությունը զգալի դերակատարում ունենար, և, փաստորեն, ստացվեց նման մի իրավիճակ, երբ հարբեցող ամուսինը կնոջն ասում է` ես հարբում եմ, միշտ հարբելու եմ և հարբելն է ճիշտը: Այդ ամենից հետո կանխատեսել, որ այդ կինը կմնա… չեմ կարծում:

– Ինչպես տեսնում եք` ազգաբնակչությունը մնում է, բայց «հարբեցողության» վատ հետևանքների մասին բացատրական աշխատանք կատարելու փոխարեն այլևս նախընտրում են անհնազանդություն դրսևորել պայքարի միջոցով: Հավանաբար նկատեցիք, որ փողոցներում քաղաքացիական ակտիվիստների և ոստիկանների միջև բախումներ են լինում:

– Այո, ռոմանտիզմը նահանջում է: Մարդիկ, որ ակնկալում էին, թե կգա լավ առաջնորդ, այս անգամ ընդդիմությունը կհաղթի և ամեն ինչ տեղը կընկնի` հիմա շատ ավելի կոնկրետ են խնդիրը դնում: Կա շենք, կա ապօրինի շինարարություն, ուզո՞ւմ ես չլինի` գնա, գլուխը ջարդիր, պայքարիր, դոշ տուր ու հաղթիր: Եթե չանես` արդյունք չի լինելու, և մարդիկ փորձում են հատվածական հաջողությունների հասնել: Էկոլոգիական շարժման ակտիվիստներին դեռ տասնյակներով են հաշվում, իրենք Հայաստանի լուսավոր օրվա միակ գրավականն են, և տա Աստված, որ նրանց ջանքերը հաջողեն: Անկախ նրանից քաղաքացիական տարբեր շարժումներ ուղղորդվում են, թե չէ, միևնույն է` դրանք բերելու են ժողովրդավարական բարեփոխումների:

– Բայց ժողովրդավարական բարեփոխումներին ընդառաջ մարդիկ այլևս նաև դրան չհավատալով` հուսահատությունից արտագաղթում են: Մարդկանց` այլևս ապրել չկարողանալու հարցադրումը պատասխան չունի:

– Հայաստանում անհուսությունն այսօր վերածվել է զանգվածային փսիխոզի: Աշխատանքային, ընտանեկան, մարդկային փոխհարաբերություններում խնդրի բախվելուց մարդիկ պանդուխտի ցուպն են առաջ բերում: Այնպիսի տպավորություն է` ասես Հայաստանում ապրելը իշխանություններին լավություն անելն է: Զանգվածային այդ փսիխոզն առաջացավ ընտրություններում ընդդիմության պարտությունից և գործադիր իշխանության նույն մարդկանց առկայությունից, բայց, հավատացե՛ք, Հայաստանը լավ պայմաններ ապահովող երկիր չլինելով հանդերձ աշխարհի ամենավատ երկիրն էլ չէ:

Հայաստանը շատ այլ երկրների համեմատ շատ նորմալ երկիր է: Ունենք ավտորիտարիզմ, որը խորհրդային տարածքում ամենավատը չէ: Ասածս այն է, որ Հայաստանում ամեն ինչ այնքան վատ չէ, պարզապես պետք է մնալ, պայքարել և փորձել փոխել: Ժողովրդավարությունը մշակույթ է, որը ձևավորելու համար ժամանակ է պետք:

– Հասարակության զգալի մասն արդեն իշխանությանն ընկալում է որպես թշնամի և երկրում ժողովրդավարության հասնելու միակ ճանապարհը տեսնում է իշխանափոխության մեջ:

– Ժողովրդավարացման ամենակարճ ճանապարհն, իհարկե, ժողովրդավարացում վերևից ճանապարհն է, երբ ունենում ես դեմոկրատ լիդեր, բայց անգամ այդ պարագայում միևնույն է` ժամանակ է պետք: Մենք ունենք իշխանություն, որը կգնա միայն այն դեպքում, եթե ռեպրեսիայի գինն ավելի թանկ լինի: Անգամ այդ պայմաններում հնարավոր է քաղաքացիական տարածքը, ներուժն ընդլայնել և մյուս ընտրություններին ունենալ ավելի քիչ 5000 դրամով ծախվողներ:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս