Յոգայի մասնագետը բրուտագործական հեծանիվ է պատրաստել

Վերջերս, երբ զրուցում էինք Հիմալայան յոգայի մասնագետ Վահագն Վարդումյանի հետ, ասաց, որ պատրաստել է մի սարք, որի նախադեպը դեռևս չի եղել:

Հետաքրքրվեցինք, թե ինչի՞ մասին է խոսքը: Պատմեց, որ բրուտագործական հեծանիվ է պատրաստել, որն իրագործելու միտքը դեռևս 4-5 տարի առաջ է ունեցել:

Իր հայտնագործության մասին պատմում է Վահագն Վարդումյանը.

«Չափազանց շատ ճամփորդելու պատճառով անընդհատ չէի հասցնում կենտրոնանալ ու միտքս իրականացնել: Իրականում բավականին պարզ ինժեներական լուծում պահանջող խնդիր էր: Պետք էր ուղղակի մի մեխանիզմ պատրաստել, որը, միացնելով ետևի ակը օդում պահող հենակներով հեծանիվին, մի հավելյալ շղթայի ու մի երկու աստղանիվների օգնությամբ պտույտը կփոխանցեր դեպի վերև, որտեղ կլիներ բրուտագործական սկավառակը: Այսինքն ստացվում է թափանիվի սկզբունքով աշխատող հնադարյան դուրգի նորացված, փոքր-ինչ կատարելագործված տարբերակ:

Կարդացեք նաև

Շահումյանի հրապարակում վերջերս տեղի ունեցած միջոցառումը գեղեցիկ առիթ հանդիսացավ այս գաղափարս իրականացնելու համար: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Առաջին իսկ փորձս հաջող անցավ. բրուտագործական հեծանիվիս դուրգի վրա, պտտելով պեդալները, պատրաստեցի մի կավե գավաթ: Որոշ ժամանակ անց պատրաստեցի նաև երկրորդը` ինձ այդ ընթացքում շատ օգնող Նելլիի հետ միասին: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բավական տարօրինակ տեսարան էր. ետևի ակն օդում պտտվող կավոտ, երկշղթա հեծանիվ, որի վրա ղեկի փոխարեն դուրգ է պտտվում, որից կավաջրի կաթիլներ են թռչում բոլոր ուղղություններով՝ մոտ մեկ մետրի վրա խմբված հանդիսատեսի վրա: Բայց այս սարքը կարող է իսկապես ֆունցիոնալ լինել, ու ես մտադիր եմ այն շուտով օգտագործել տարբեր նպատակներով:

Vahagn-Vardumyan2

Բոլոր մանրամասները չեմ ուզում ասել, քանի որ մտադիր եմ անակնկալ մատուցել հեծանվասեր ու արվեստասեր հանրությանը, սակայն մի ակնարկ կանեմ. պտտվող մակերեսի/անիվի հիման վրա կատարվող բազմաթիվ գործողություններ կարելի է իրականացնել այս տիպի սարքով, ու դա ոչ միայն հետաքրքիր է որպես մեխանիկական նորամուծություն, այլև դրանով հնարավոր է մարզվել, պահպանել բնությունը, տնտեսական որոշ խնդիրներ լուծել և այլն: Նախկինում այսպիսի սարք պատրաստելու փորձ չեմ արել, սակայն ինձ միշտ գրավում են բնապահպանական, ռացիոնալ ու հետաքրքրաշարժ բնույթի սարքերն ու կառուցվածքները: Փորձում եմ ժամանակ առ ժամանակ հայտնվող գաղափարները հավաքեմ ու հետո հերթով իրականացնում եմ դրանք: Մտածում եմ նաև մի քանի նոր բաներ փորձարկեմ հեծանիվի վրա, օրինակ՝ կինոդիտման սարք, որի շնորհիվ հնարավոր է մի քանի հեծանիվով շրջել քաղաքում ու ֆիլմ ցուցադրել առանց կանգ առնելու: Սա կարող է հետաքրքիր գովազդային նշանակություն էլ ունենալ, որով սակայն ինքս բացառապես սոցիալական գովազդ կիրականացնեի. դա մեր չափից ավելի սպառողական հասարակությանն այժմ շատ ավելին է պետք»:

Յոգայի մասնագետի հայտնագործություններից դեռևս այսքանը: Եթե Վահագնին հաջողվի պատրաստել կինոդիտման սարքով հեծանիվ, 168.am-ը խոստանում է առաջինը հաղորդել դրա մասին:

Vahagn-Vardumyan3

Տեսանյութեր

Լրահոս