««ԱրմենՏել», ի՞նչ խղճով ես հիվանդ ու անտեր կնկա թոշակն ուտում»
Շենգավիթ վարչական շրջանի Հովհ. Հովհաննիսյան 4-րդ փողոցի բնակիչները դիմել են «168 Ժամ» թերթի խմբագրություն՝ ահազանգելով իրենց հարևանուհու՝ Զինա Մնացականյանի դեմ կատարված անօրինականությունների մասին: Ըստ հարևանների՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն օգտվելով Զ. Մնացականյանի սոցիալական ծանր և խոցելի վիճակից՝ նրա «գլխին սարքել է»:
Նշյալ հասցեի 44 տան նկուղային մի շինության մեջ բնակվող Զ. Մնացականյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի, 2-րդ կարգի հաշմանդամ է, ինչն էլ, ըստ նրա հարևանների՝ նպաստավոր պայման է այս անօգնական կնոջը մեղադրելու համար մի անհավանական պատմության մեջ, որի հետ նա ընդհանրապես առնչություն չունի: «Անցյալ տարի մի մեքենա կանգնեց դռան մոտ, երկու տղաներ մոտեցան, ասացին՝ իբր 1974 թվին ես հեռախոս եմ գրվել, որի արդյունքում հիմա 110.000 դրամ պարտք կա իմ անվան տակ ու պիտի տանից իրեր բռնագրավեն»,- պատմում է տիկին Զինան, ում խոսքերը հաստատում են նաև նշյալ հասցեի բնակիչները: Վերջինս փորձել է այդ թվականներին Արարատում բնակվելու փաստը մատնանշելով ապացուցել, որ ինքը հեռախոսակապից ոչ միայն չի օգտվել, այլև՝ Նոր Արեշ 5 փող. 20 բնակարանում (այս հասցեի վրա է պարտքը գոյացել) չի բնակվել: «Ես զարմացած իրենց բացատրում եմ, որ հեռախոս չեմ ունեցել, այդ հասցեում չեմ բնակվել:
Հարցրեցի, թե ո՞ր թվականին է այդ պարտքը գոյացել, պատասխանեցին, թե՝ 1974 թվին: Ես այդ թվականներին բնակվել եմ Արարատում, որտեղի բնակիչները կարող են վկայել: Հասկանո՞ւմ եք, սա աբսուրդ է, ո՞նց կարելի է անմեղ մարդու գլխին այսպես սարքել»: Ի դեպ, մեր ձեռքի տակ է Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Ա. Ղազարյանի տեղեկանքը, համաձայն որի՝ «Զ. Մնացականյանն Արտաշատ համայնքի հաշվառումից դուրս է գրվել 1986-ից»:
Այսինքն՝ «ԱրմենՏել» ընկերությունը թեև վկայակոչում է 1974թ. Զ. Մնացականյանի՝ Նոր Արեշ 5-րդ փողոցի 20 բնակարանում հաշվառված լինելու վարկածը, այդուհանդերձ Արտաշատ համայնքի ղեկավարը փաստում է, որ նա այդ տարիներին բնակվել է Արտաշատում և Երևան է տեղափոխվել միայն 1986 թվին: Ինչևէ, Զ. Մնացականյանի դիմումներին ի պատասխան` «Beeline» ընկերությունից հայտնել են. «Ի պատասխան Ձեր 25.01.2012թ. 702/12-B11 գրության, տեղեկացնում ենք, որ Զ. Մնացականյանի անվամբ, Նոր Արեշ 5 փող. 20 բն. 26 հասցեում տրամադրվել է 45-06-52 հեռախոսահամարը, որը խզվել է 16.05.2006թ.՝ 100451 դրամ պարտքի պատճառով: Անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել հեռախոսազանգերի վերծանումները»:
Այս գրությունը ստորագրվել է «Beeline» ընկերության Հաճախորդների սպասարկման աջակցման բաժնի պետ Ն. Պետրոսյանի կողմից և որպես կատարող գրության մեջ նշված է Օ. Բադալյանը, ում հետ երեկ մենք կապվեցինք և փորձեցինք պարզաբանումներ ստանալ: Նախ փորձեցինք պարզել, թե տիկնոջ դիմումին ի պատասխան ինչո՞ւ է տրվել անհասկանալի մի հասցե, որն է՝ «Նոր Արեշ 5 փող. 20 բն. 26 հասցե»: Օ. Բադալյանը մեզ հետ զրույցում անվերջ պնդում էր, որ անհնար է նման հասցե գրված լինել, և փորձում էր համոզել, որ խոսքը Նոր Արեշ 5 փող. 20 բնակարանին է վերաբերում, որտեղ տիկինը բնակվելով հանդիսացել է նշյալ հեռախոսահամարի բաժանորդը և պարտքեր է կուտակել: Ինչևէ, գրությունը գտնվում է մեր ձեռքի տակ, որտեղ ընկերության կողմից նշված է նման անհավանական հասցե, որը, հավանաբար, Երևանում ոչ միայն գոյություն չունի, այլև՝ կամ վրիպակ է, կամ մտացածին՝ «Նոր Արեշ 5 փող. 20 բն. 26 հասցե»: Օ. Բադալյանը նաև նշեց, որ պարտքը գոյացել է ոչ թե 1974-ին, ինչպես Զ. Մնացականյանին են տեղեկացրել, այլ՝ 2006 թվին:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ քաղաքացուն չեն ծանուցել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական այս գործի մասին, Օ. Բադալյանն ի պատասխան ասաց, որ իրենք դատարանում հայց ներկայացնելուց առաջ զանգահարում են բաժանորդին, այնուհետև գրավոր հիշեցում են ուղարկում, որից հետո նոր իրավական ընթացք են տալիս: Վերջինս մեզ խորհուրդ տվեց կապվել Իրավաբանական բաժնի տնօրենի հետ, որի հետ կապ հաստատել, ցավոք, մեզ չհաջողվեց:
Այնուամենայնիվ, Զ. Մնացականյանն էլ իր հերթին պնդում է, որ երբևէ չի տեղեկացվել, առավել ևս՝ չի ծանուցվել այն մասին, որ դատարանում իր դեմ հայցով գործ է քննվում:
«Ո՞նց կարող էին ծանուցել, եթե ես էդ տարածքում չեմ ապրել ու էդ հեռախոսահամարի բաժանորդը չեմ եղել: Անցյալ տարի եկել են ու ասել են, որ պիտի բռնագրավեն 1974 թվին գոյացած պարտքի դիմաց»,- ասում է նա, ում խոսքերը հաստատում են նաև տարածքի բնակիչները: ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Ռաֆայել Վարդանյանը հետևյալ որոշումն է ընդունել. «30-%-ի չափով բռնագանձում տարածել պարտապան Զ. Մնացականյանի Շենգավիթ սոցիալական ապահովության տարածքային բաժնից ստացվող տարիքային աշխատանքային թոշակի վրա»:
Արդեն քանի ամիս է՝ Զ. Մնացականյանի 23.500 դրամ կենսաթոշակից 7200 դրամ փոխանցվում է «ԱրմենՏել» ընկերություն, այն դեպքում, երբ միայնակ այս հաշմանդամ կինն օգտվում է բարեգործական ճաշարանից: Վերջինս վստահեցնում է, որ «ԱրմենՏել» ընկերության կողմից նշված հասցեում երբևէ չի բնակվել և գրանցված չի եղել: «Անտեր կին են գտել, տեսնում են, որ հարազատ, բարեկամ չունեմ, հիվանդ կին եմ՝ գլխիս սարքում են: Բա սա պետությո՞ւն ա, սա երկի՞ր ա, 23.500 դրամ թոշակով չէի կարողանում կոմունալ վարձերը տալ ու գոյությունս էլ պաշտպանել, գնում ճաշարանում եմ հաց ուտում, որ սովամահ չլինեմ, ինչի 7200 դրամից կարելի՞ ա զրկել մի բանի համար, որն ինձ հետ կապ չունի: Բա դրանք մա՞րդ են, խիղճ ունե՞ն, չեմ կարում ապացուցեմ, որ գլխիս սարքել են, բա էս երկրում արդարություն կա՞: Ես դեղերով ապրող մարդ եմ, էս պատմությունից նյարդային համակարգս խանգարվել ա, ամբողջ գիշեր անքնությունից տառապում եմ, կարելի՞ ա մարդկանց վրա շառ անելով գումարներ կորզել, էն էլ ումի՞ց՝ հաշմանդամ, հիվանդ թոշակառուից»,- վրդովված ասում է Զ. Մնացականյանը, ում «տուն» այցելելով պարզեցինք, որ այս կինն ապրում է բառի բուն իմաստով «հավաբնում»:
Ի դեպ, վերջինիս հարևանները դիմում են պետական բոլոր կառույցներին` այս անօգնական կնոջը պաշտպանելու համար: «Ախր այ «ԱրմենՏել», դու որևէ քաղաքացու հեռախոսակապ կտա՞ս առանց տան վկայագրի: Էս խեղճ ու կրակ կինը ոչ գրանցում ա ունեցել, ոչ էլ՝ տուն, ի՞նչ խղճով ես էս անտեր կնկա թոշակը ուտում: Եկել տեսել են անտեր, հիվանդ կին ա, չի կարող իրեն պաշտպանի՝ գլխին սարքել գնացել են: Սա բարեկամ չունի, բայց էնտեղից ասում են՝ իբր Ռուսաստան ա խոսել ու պարտք գոյացրել: Խիղճդ մեռնի, «ԱրմենՏել»,- վրդովված բղավում էին Զ. Մնացականյանի հարևանները՝ ավելացնելով, որ եթե ընկերությունը չդադարեցնի տիկնոջ դեմ իրականացրած «անօրինականությունը», տարածքի բնակիչներն այդ ընկերությանը «խայտառակ» են անելու:
Վերջիններս նաև մեզ հետ զրույցում վստահեցրին, որ Զ. Մնացականյանն այնքան արժանապատիվ կին է, որ՝ «օրերով սոված ա մնում, բայց մեկի դուռը չի թակում: 3-4 օր սոված ա մնացել, դուռը փակ, չենք իմացել: Գիտե՞ք՝ քանի անգամ ա գնացել, որ իրեն գցի վագոնների տակ, բայց հազիվ ենք կյանքը փրկել: Եթե էս կնոջը մի բան պատահի՝ պատասխան են տալու: Հիմա 16.000 դրամ ստացող էս հիվանդ կինը ձմեռն ի՞նչ ա անելու, ո՞նց ա ապրելուգ Մի քանի կոպեկ թոշակից էդ 7200 դրամ ուտողները գոնե հասկանո՞ւմ են, թե ումից են գումար շորթում: Մի հատ տերով մարդ լիներ՝ հո չէի՞ն կարա սենց սարքեին գլխին, բա մեղք չի՞: Մենք ենք դասավորել, որ ճաշարանում թողնեն հաց ուտի»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զ. Մնացականյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի, գուցև չանդրադառնայինք այս խնդրին, սակայն տարածքի բնակիչները պատրաստ են փաստերով վկայել, որ «ԱրմենՏել» ընկերությունը, պարզապես օգտվելով տիկնոջ անօգնական վիճակից, այս կերպ փորձել է քաղաքացուց գումար «շորթել»: «Էս կինն այսքան տարի էս բնում ապրում է՝ ոչ մի վատ բան չենք տեսել նրանից բացի բարությունից: Եթե իր հետ մի բան պատահի, «ԱրմենՏելն» է պատասխան տալու»,- ասում են հարևանները:
Ի դեպ, մենք նաև զանգահարեցինք Զ. Մնացականյանին վերագրված 45-06-52 հեռախոսահամարով, որը, սակայն, գոյություն չունի: Նաև շատ զարմանալի է մեկ այլ հանգամանք. ինչպես տեղեկացրեց ընկերության ներկայացուցիչը՝ գոյացած պարտքը ոչ թե 1974 թվից, այլ՝ 2006-ից է, սակայն զարմանալի է, որ «ԱրմենՏելը» քաղաքացուց գումարը պահանջում է ութ տարի անց, այն դեպքում, երբ որևէ բաժանորդի հեռախոս անմիջապես անջատվում է անգամ 1000 դրամ պարտքի դեպքում:
«168 ԺԱՄ»