Ինչո՞ւ էր լռում Տիգրան Սարգսյանը

Հինգշաբթի օրը ՀՀ կառավարության հերթական նիստն էր։ Այն վարում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով արդեն ընդունված կարգի համաձայն, ներածական խոսք էր ասում առավել կարևոր թեմայով։ Թվում է՝ վարչապետի խոսքը պետք է վերաբերվեր վերջին օրերի թերևս ամենակարևոր իրադարձությանը՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ հայտարարությանը։ Առավելևս, որ այդ հայտարարությունը հնչել էր նիստից ընդամենը 2 օր առաջ։

Առավել կարևոր թեմա դժվար էր պատկերացնել։ Սակայն… Տիգրան Սարգսյանն այդ մասին չէր խոսում։ Նա խոսում էր այն մասին, որ Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, ասում էր, որ մեզ համար չափազանց կարևոր է, թե ինչ չափանիշներով ենք մենք կարողացել բարելավել մրցունակությունը Հայաստանի Հանրապետությունում և ինչ չափանիշներով են մեր դիրքերը թուլացել: Վարչապետը հիշում էր Doing Business-զեկույցն ու դրա բաղադրիչները, որոնցով Հայաստանը առաջ կամ ետ է գնացել։
Սակայն Մաքսային միության մասին ոչ մի խոսք։ Սա այն դեպքում, երբ դա թիվ մեկ քննարկման թեման է ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։
Ինչո՞ւ վարչապետը խուսափեց այդ թեմայով գոնե մեկ բառ ասել։ Որովհետև նա, ըստ էության, բավականին անհարմար դրության մեջ է հայտնվել։ Որովհետև հենց ինքն էր, ով հայտարարում էր, թե Հայաստանի հայացքը ուղղված է դեպի Եվրոպա։ Ասում էր՝ Մաքսային միությանն անդամակցելը անհնար է՝ ընդհանուր սահմաններ չունենալու պատճառով։ Անցած տարվա հոկտեմբերին ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում, լրագրողի՝ «Ի՞նչ դիրքորոշում  ունեք Մաքսային միության և Եվրասիական միության հարցում։ Եվ արդյո՞ք Հայաստանը դիտարկում է այդ կառույցներին անդամակցելու հնարավորությունը» հարցերին ի պատասխան՝ Տ. Սարգսյանն ասել էր. «Հայաստանը հայտարարել է, որ հետաքրքրված է ԱՊՀ-ի և ԵվրԱզԷս-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով։ Մեր երկրների նախագահները վերջին հանդիպման ժամանակ անդրադարձան այդ հարցին, և Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ճիշտ նկատեց, որ Հայաստանն առանձնահատկություն ունի՝ չկա ընդհանուր սահման և՛ ԵվրԱզԷս-ի, և՛ Մաքսային միության հետ։  Համաշխարհային պրակտիկայում չկա այդպիսի օրինակ, որ երկիրը, ընդհանուր սահման չունենալով, Մաքսային միության մաս կազմի։ Այդ իսկ պատճառով՝ նախագահների հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքային խումբը պետք է գործիքներ մշակի, որոնք թույլ կտային խթանել ինտեգրացիոն գործընթացները՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունները»։
Կարճ ասած՝ նա էր, ով պայքարում էր հանուն եվրոպական ինտեգրացիայի և փաստարկներ էր շրջանառության մեջ դնում՝ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության աննպատակարմարությունն ապացուցելու համար։

Առավելագույն «զիջումը», որին գնացել էր Տիգրան Սարգսյանը, այն էր, որ մայիսի 31-ին նա խոսել էր Մաքսային միության հետ համագործակցության հուշագիր ստորագրելու անհրաժեշտության մասին։ Սակայն բուն անդամակցության մասին ոչ մի խիսք չկար։
Կարճ ասած՝ Տիգրան Սարգսյանը առանձնապես ոգևորված չէր Մաքսային միությանը միանալու հեռանկարով և չէր էլ փորձում դա թաքցնել։ Ու այսքանից հետո դժվար չէ հասկանալ՝ ինչու նա չանդրադարձավ այդ թեմային։ Ի վերջո, դժվար է խոսել մի բանի մասին, որը կայանում է այն դեպքում, երբ դու ապացուցում էիր դրա անհնարինությունը։
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ նա իր պայքարը տանում էր ինքնուրույն՝ առանց Ս.Սարգսյանի հետ համաձայնեցնելու։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը առնվազն տեղյակ էր, թե ինչ է ասելու Տիգրան Սարգսյանը և ինչ փաստարկներ է ներկայացնելու Մաքսային միության թեման  «ցրելու» համար։ Իսկ թե Տիգրան Սարգսյանն ինքը տեղյա՞կ էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, արդեն հարց է։ Չի բացառվում, որ նա նույնպես այդ մասին առաջին անգամ տեղեկացած լինի ՌԴ նախագահի, իսկ այնուհետև նաև՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Իսկ եթե դա այդպես է, ապա դա իսկական հոգեբանական սթրես է կամ պարզ ասած՝ «մանդրաժ»։ Նման իրավիճակներում լռությունն առավել քան հիմնավորված է։

Տեսանյութեր

Լրահոս