Բաժիններ՝

Առաջարկ, որից չէր կարող հրաժարվել Սարգսյանը. Թոմաս դե Վաալ

«Կառնեգի» հիմնադրամի կայքում հրապարակվել է հիմնադրամի ավագ գիտաշխատող, Կովկասի հարցերով փորձագետ, «Սև այգի» գրքի հեղինակ, բրիտանացի Թոմաս դե Վաալն իր «Առաջարկ, որից չէր կարող հրաժարվել Սարգսյանը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Բավական անսպասելի հայտարարություն հնչեց այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այցով գտնվում էր Մոսկվայում: Յուրաքանչյուրին հայտնի էր, որ օրակարգում գոյություն ուներ միայն մեկ հարց. Հայաստանին Վլադիմիր Պուտինի հրավերը միանալ իր Եվրասիական միություն նախագծին:

Օրվա վերջում մենք հաստատում ստացանք, որ դա մի առաջարկ էր, որից չէր կարող հրաժարվել Սերժ Սարգսյանը: Նա պատշաճ կերպով հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Միությանը: Հենց որ արվեց այդ հայտարարությունը, ես Facebook-ով հետևեցի հայերի տառապանքներին ու դժբախտություններին, որոնք աղոթում էին լրիվ այլ բանի համար:

Հայաստանի ղեկավարության համար իսկապես երկար թեժ ամառ ստացվեց: ԵՄ-ի հետ բանակցությունների տեմպերն արագացան այս նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության նախաշեմին:

Հայերն ասում էին, որ կարող են նախաստորագրել Ասոցացման համաձայնագիր, ինչպես նաև եթե ցանկանան, մտնել ԵՄ-ի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի, որը կկանխեր նրանց միանալը Մաքսային միությանը, ինչն առաջին հերթին պայմանավորված է սակագների մակարդակի անհամատեղելիությամբ:

Ռուսական պատասխանն ուղիղ էր: Նրանք լուրեր տարածեցին Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին հարձակողական սպառազինության զանգվածային վաճառքի մասին: Պուտինը բլից այց կատարեց դեպի Բաքու՝ իր հետ բերելով տասնյակ բարձրաստիճան չինովնիկի: Հայ պաշտոնատար անձինք խոստովանում են, որ ամեն ինչ անվտանգության մեջ է, որ իրենք չէին կարող իրենց թույլ տալ կորցնել իրենց միակ խոշոր ռազմական դաշնակցին, ինչը կարող էր ակնթարթորեն կործանել նրանց:

Մոսկվայում Սարգսյանը նշեց. «Ես քանիցս հայտարարել եմ, որ երբ դուք հանդիսանում եք ռազմական անվտանգության մի համակարգի մասնիկ, անհնար ու անարդյունավետ է համապատասխան տնտեսական տիրույթից ինքնամեկուսացվելը»: Սարգսյանը նաև ընդգծեց, որ այդ որոշումը չի նշանակում ԵՄ-ից հրաժարում:

Դա ճիշտ է, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը դեռ կարող է համաձայնեցվել Վիլնյուսում, սակայն, բնականաբար, դատապարտված է տնտեսական ինտեգրացիոն նախագիծը: Հայաստանի կառավարությունում ոմանք բողոքում են, որ ԵՄ-ն իրենց չի ընձեռել մանևրելու հնարավորություն, և դա նույնպես ճիշտ է, որ բրյուսելյան բյուրոկրատիան անհաջող (ծանրաշարժ) մեքենա է, որը լավ դիվանագիտություն չի վարում:

Բայց դուք կարող եք սա դիտարկել նաև որպես տարիների ընթացքում դանդաղեցված տեմպով ավտովթար: Սարգսյանի և նրանից առաջ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմերին ճնշել է ռուսական տնտեսական լծակը, որը նրանց պահել է քաղաքական վերահսկողության ներքո և հեռու է պահել եվրոպական մրցակցությունից:

Հենց Սարգսյանը սկսեց (նախնականորեն) այլ մտքեր ունենալ գործարքի վերաբերյալ, նա հայտնվեց վատ, կարճ տարբերակների առջև: Ինչ վերաբերում է ռուսներին, ապա նրանք այս խաղը խաղացին շատ խելամտորեն: Բնականաբար, գլխավոր թիրախը ոչ թե Հայաստանն է, այլ՝ Ուկրաինան: Այժմ Կիևի վրա ճնշումը կլինի ավելի մեծ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս