Նաիրա Զոհրաբյան. Բացարձակ անընդունելի է, որ ընդդիմության ներկայացուցիչներ չկան հանձնաժողովի կազմում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին։ Թե ի՞նչ է ենթադրում Սահմանադրական «բարեփոխումներ» ասվածը ու արդյո՞ք այն հասկանալի է քաղաքական ուժերի համար: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից:
«Իսկ ինչ-որ մեկի համար հստա՞կ է, թե ինչն է դրվելու բարեփոխման: Եթե չկա օրակարգ, կա ընդամենը հանձնաժողով ստեղծելու մասին որոշում, ապա ի՞նչն է դրվելու հանրաքվեի»,- արձագանքեց նա, ապա ավելացրեց, որ երբ կլինեն այս հարցերի պատասխանները, այդ ժամանակ կուսակցությունը հստակ կհայտնի իր դիրքորոշում՝ ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ:
«Թե չէ՝ օդում ինչ եզրակացություններ անենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա շեշտեց, որ ցանկացած սահմանադրական բարեփոխման նպատակը պետք է լինի երկրի կառավարման մեխանիզմներն առավել ժողովրդական դարձնելը, որպեսզի իշխանութան թևերի միջև լինեն իրական գործուն և ոչ թե իմիտացիոն մեխանիզմներ:
«Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում կառավարման համակարգի մոդելու փոխելու նպատակով, այն է՝ խորհրդարանական կառավարման համակարգ որդեգրելուն, ես որքան հասկանում եմ՝ իշխող կուսակցության միջև այս հարցի շուրջ կարծիքները տարբեր են: ՀՀԿ-ի ներկայացուցիչը՝ Դավիթ Հարությունյանը, ասում է, որ նման քննարկում կա, երեկ էլ Գալուստ Սահակյանը կտրականապես հերքեց խորհրդարանական համակարգի անցնելու քննարկման առկայությունը: Երբ իշխող կուսակցությունը կհստակեցնի, թե ի՞նչ հարցեր են դրվելու Սահմանադրական հանրաքվեի, կներկայացնի օրակարգը, այդ ժամանակ առավել առարկայական կխոսենք այս հարցի մասին: Եթե նպատակը երկրի կառավարման մեխանիզներն առավել ժողորդավար դարձնելն է, իշխանության թևերի հակակշիռները իրական և ոչ թե իմիտացիոն դարձնելն է, իհարկե, հարցը քննարկման արժանի է:
Իսկ եթե նպատակը եղանակներ, ձևեր, տարբերակներ փնտրելն է՝ իշխանությունը պահելու համար, ապա մեզ համար նման քննարկումներն ընդունելի չէն: Երբ կլինի հստակ քաղաքական օրակարգ՝ ինչ են պատրաստվում անել, ինչ հարցեր են պատրաստվում բարձրացնել, ինչ են դնելու հանրաքվեի, այն ժամանակ կարելի կլինի այդ մասին խոսել»,- հավելեց նա:
Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞ւ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն ընդգրկված չեն հանձնաժողովի կազմում: Ի պատասխան նա նշեց. «Բացարձակ անընդունելի է, որ ընդդիմության ներկայացուցիչներ չկան, որովհետև սահմանադրական հանրաքվեն չի վերաբերում իշխող կուսակցությանը… դա վերաբերում է բոլորին ու կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է ներկայացված լինեին»: