
«Հայազնի» պատասխանը՝ Նախախորհրդարանին

Սույն ամսվա սեպտեմբերի 2-ին մամուլում հրապարակվել է Նախախորհրդարանի հայտարարությունը, որտեղ ակտիվիստների հանդեպ ոստիկանության ճնշիչ գործողությունները անհեթեթ պատճառահետևանքային կապերով և տրամաբանության տարրական կանոններին հակառակ տեղավորվել են Հայազնի անդամների կողմից Սարդարապատ/Նախախորհրդարանի անդամների դեմ իբր իրականացվող կանոնակարգված և նպատակաուղղված ճնշումների կողքին:
Այսպիսով, քաղաքացիական դիմադրության օջախները հավասարեցվում են «խեղճ» սարդարապատականների անձնական պահվածքի հետ կապված հնարավոր միջադեպերի, իսկ Հայազնը «անիծյալ վարչակարգի» հետ: Վերին աստիճանի ծիծաղաշարժ և անտրամաբանական են սեփական գործունեությունը գերարժևորելու նման ճիգերը: Հայազնի վարչությունը, ևս մեկ անգամ հիշեցնում է իր սկզբունքային դիրքորոշումը ներկայիս վարչակարգի և քաղաքացիների հիմնական շահերն ու բնական իրավունքները ոտնահարող իշխանական բուրգի վերաբերյալ. այս վարչակարգը և դրա հիմքում ընկած համակարգը պետք է վերացվեն Ազգային Հեղափոխության միջոցով: Վաղ թե ուշ այս անողոք պայքարի դաշտը կլքեն` այն գեղարվեստա-թաթերական անիմաստ և ապաշնորհ արարների վերածող, հետապնդման մոլուցքի դրսևորումները հանրությանը տեղի-անտեղի հրամցնող ուժերը:
«ՀԱՅԱԶՆ» ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ