Խորհրդակցություն` Հատուկ քննչական ծառայությունում
Այսօր կայացավ Հատուկ քննչական ծառայության ընդլայնված օպերատիվ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2013 թվականի անցած 8 ամիսներին ծառայության կողմից կատարված աշխատանքներին:
Խորհրդակցությունը սկսվեց նորանշանակ քննիչների երդման արարողությամբ: Այնուհետև կտարված աշխատանքների ամփոփման զեկույցով հանդես եկավ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արտարադատության 1-ին դասի խորհրդական Արմեն Նադիրյանը, ով հանգամանորեն ներկայացրեց քրեական գործերի, նյութերի, դիմում-բողոքների վիճակագրական տվյալները, անդրադարձավ ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ` բացթողումներին:
Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը, անդրադառնալով ծառայության վերջին ութ ամիսների ընթացքում կատարած աշխատանքներին, մտահոգիչ համարեց այն թերություններն ու բացթողումները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակաշրջանում:
Ծառայության պետը կարևորեց քննչական պրակտիկայում տեղ գտած բացթողումները սեղմ ժամկետում վերացնելու անհրաժեշտությունը և նշեց, որ դրանք վերացնելու դեպքում ծառայությունը կարող է առավել արդյունավետ աշխատել:
– Որակի իմաստով Հատուկ քննչական ծառայությունը պետք է թերություններ չունենա, նախաքննությունը ծառայությունում պետք է իրականացվի պատշաճ մակարդակով և լիարժեք,- ասաց Վ. Գ. Շահինյանը:
Ծառայության պետը, անդրադառնալով կոնկրետ քննիչների աշխատանքին, քննադատական դիտողություններ արեց նախաքննության ընթացքում անբարեխղճություն դրսևորած աշխատակիցների հասցեին` սեղմ ժամկետներ սահմանելով անորակ քննության փաստերը բացառելու նպատակով: Վահրամ Շահինյանը, դրա հետ մեկտեղ, դրվատանքով խոսեց բարեխիղճ և մասնագիտական բարձր կարողություններ դրսևորած քննիչների մասին:
Հատուկ քննչական ծառայության ընդլայնված օպերատիվ խորհրդակցությունն ավարտվեց ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար աչքի ընկած առանձին աշխատակիցների խրախուսմամբ: